Հանդիպում Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի Լրագրողների հետ

Շաբաթ հոկտեմբերի 6-ին, Թ.Հ.Թ.-ի Թեմական խորհրդի Հայ Անձնուրացների Յանձնախմբի նախաձեռնութեամբ, Ազգային Առաջնորդարանի գրասենեակում կազմակերպւել էր հանդիպում Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի «Սարվ» միամսեայ հրատարակութեան լրագրողների հետ:

Սոյն հրատարակութիւնը, գալիք համարներում, պարբերաբար նիւթեր է տպելու Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի (1980-1988) տարիներին, հայ նահատակների, վիրաւորների, ազատորդիների և ընդհանրապէս պատերազմի տարիներին հայերի ունեցած դերակատարութեան մասին:

Սոյն հանդիպմանը ներկայ էին Ի.Ի. Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, պրն. Վարդան Վարդանեանը, պրն. Մուշեղ Զարգարեանը և Հայ Անձնուրացների Յանձնախմբի ներկայացուցիչ՝ պրն. Արտաշէս Իսկանդարեանը: Հանդիպման աւարտին ժողովականներին միացաւ նաև պատերազմի վիրաւոր՝ Մասիս Ասատրեանը:

Հանդիպմանը, նախ դոկ. Խանլարեանը հակիրճ բացատրութիւններ տւեց՝ տարբեր ոլորտներում իրանահայութեան դերակատարութեան մասին:

Ապա պրն. Վարդանեանը, ով պատերազմի տարիներին Ի.Ի. Խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն էր, պատմեց մասնաւորապէս պարտադրեալ պատերազմում ունեցած հայերի դերակատարութեան մասին:

Այնուհետև պրն. Մուշեղ Զարգարեանը բացատրեց պատերազմի տարիներին հայ արհեստաւորների դերակատարութեան և ծանր աշխատանքների վերաբերեալ:

Հարկ է նշել, որ պարտադրեալ պատերազմում շուրջ 17000 իրանահայեր ծառայել են Իրանի բանակում, տալով 105 նահատակներ, հարիւրաւոր վիրաւորներ և ազատորդիներ: Նոյն ընթացքում հարիւրաւոր հայ արհեստաւորներ մասնակցում էին ռազմաճակատում ընթացող տարբեր աշխատանքներին: