ԱՆՄԱՀԱՆՈՒՆ ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Աշխարհահռչակ երաժիշտ, ստեղծագործող արւեստագէտ, բեմադրիչ ու մեծ մարդասէր-բարեգործ Շարլ Ազնաւուրը երկրաւոր իր կեանքից փոխադրւեց յաւիտենական կեանքին։ Դէպի յաւերժութիւն իր երթով նա նաեւ աշխարհի եւ իր սիրողների, նրան հիացողների հոգում երկու փոսեր բացեց, մէկն շատ փոքր իր վտիտ մարմինը պարփակելու չափով, իսկ երկրորդը՝ խոր ու յաւէտ այդ մարդկանց հոգիներում եւ արւեստի բնագաւառում։

Հայազգի հռչակաւոր երգիչը ոչ միայն Ֆրանսական երգարւեստին մեծ ներդրում ունեցաւ այլեւ համամարդկային արւեստի ոլորտում իր ներդրումը եղաւ անգնահատելի. հայութեան համար նա եղաւ «Ղարիբ պլպուլ» եւ աշխարհակալ դեսպան։ 1988 դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը բացայայտեց երգիչ ու համաշխարհային արւեստագէտ Ազնաւուրի մարդասիրական, բարեգործական նկարագիրն ու նուրբ հայրենաէրի անստւէր հոգին ու ոգին։ Վկայ Հայաստանի տարբեր քաղաքներում իր կատարած բարեգործութիւնները, յատկապէս աղէտի գօտում։

Այս օրերին, երբ Հայաստանի ու ՖրանքոՖոնիան երկրների ներկայացուցիչները պատրաստւում էին, մի անգամ եւս, լսելու Շարլ Ազնաւուրի զգլխիչ արւեստը եւ իրենց հոգիները դրանով ջերմացնէին, յանկարծ իր կեանքի թելը կտրւեց սուգի մատնելով ողջ հայութիւնն ու մարդկութիւնը։ Նա հաւասարապէս ե՛ւ երիտասարդութեան ե՛ւ պատանիների ե՛ւ տարեցների սիրելի ու փնտրւած երգիչն էր եւ մնալու է իբրեւ այդպիսին։

Հայութիւնը, Ֆրանսիան եւ արւեստասէր մարդկութիւնը մեծ մարդ, հայ մարդ ու արւեստագէտ կորսնցուց։

Խոր է ցաւը բոլորիս, սակայն մխիթարականը այն է, որ ողջ աշխարհը այս օրերին Շարլ Ազնաւուրով է շնչում։

Այս տխուր առիթով յանուն Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական ու Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի, ողջ ժողովականութեան եւ հայութեան վշտակցում ու ցաւակցում ենք հանգուցեալ արւեստագէտի ընտանեկան պարագաներին, ողջ հայութեան եւ Ֆրանսացի ժողովրդին եւ արւեստասէր հասարակութեան։

Յաւիտենական հանգիստ իր հոգիին, մխիթարութիւն եւ օրհնութիւն ողջ հայութեան, Ֆրանսացիներին եւ ինչու չէ բոլոր նրան սիրողներին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ