Ս. Աստւածածնայ Տօնը Ռաշտ-Անզալիում

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն իր էութեամբ և խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցում հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Որպէս վարդապետութիւն սոյն տօնն իր մէջ խտացնում է մեռելների յարութեան, երկինք համբառնալու, յաւիտենական արքայութիւնը ժառանգելու և ըստ գործերի վարձատրւելու ամենակարևոր հոգևոր ճշմարտութիւնները, որ Քրիստոս իր երկրաւոր կեանքի, առաքելութեան և քարոզութիւնների միջոցով բացայայտեց ու փոխանցեց:

Այո՛, թէև վերափոխման տօնը անմիջականօրէն առընչւել է Ս. Կոյս Մարիամի անձին, նրա ննջման դրւագին և ապա մարմնով երկինք փոխադրւելուն, սակայն սոյն կատարւածը, որպէս աստւածային խոստում վերագրւում ու կապւում է իւրաքանչիւր ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալին, ով իր կեանքը ապրում է համաձայն Աստծու կամքին, Աստւածաշնչին և աստւածային պատւիրաններին և յատկապէս իբրև անդամ Ս. Եկեղեցուն և Քրիստոսի խորհրդական մարմնին, ինչպէս նաև իբրև Ս. Կոյս Մարիամի հարազատ զաւակ, նրա կեանքին հետևելով, նրա նման իր կեանքը յատուկ առաքինութիւններով յատկանշելով, որոնցով մասնաւորւում էր Ս. Կոյսը:

Այս ուրախալի առիթով նախորդ տարիների նման, այս տարի ևս թւականիս 9 և 10 օգոստոսին, Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի կողմից, ուխտագնացութիւն կազմակերպւեց դէպի Ռաշտ-Անզալի:

Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ: Սոյն ուխտագնացութեանը Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը, շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը և հիւրաբար տիրամայր Սօնա Աշգարեանը:

Առաջնորդ Սրբազանը Ռաշտի մուտքին դիմաւորեց Ռաշտի և Անզալիի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնների կողմից և ապա ուղղւեց դէպի եկեղեցի, ուր ուխտաւորների ներկայութեամբ կատարեց կանոնական աղօթքը և նրանց փոխանցեց իր հայրական պատգամը: Ապա դպրոցի սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: Ռաշտի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անունից՝ Մաքսիմ Յովսէփեանը բարի գալուստ արտասանեց: Նա իր խօսքում շնորհաւորեց Առաջնորդ Սրբազան Հօր քահանայական ձեռնադրութեան և օծման 50-ամեակը, ինչպէս նաև Թեհրանի թեմի առաջնորդութեան 19-ամեակը: Նա անդրադարձաւ նաև տեղում կատարւած աշխատանքների, ինչպէս նաև դիմագրաւած դռւարութիւնների մասին:

Կէսօրւայ ճաշը դպրոցի սրահում միասնաբար կիսեցին, որի ընթացքին տեղի ունեցան բաժակաճառութիւն, խմբերգ, մեներգ և ասմունք: Աւարտին Սրբազան Հայրն իր հերթին գնահատեց Ռաշտի փոքրաթիւ համայնքը և յատկապէս եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների անձնազոհ աշխատանքն ու ծառայութիւնը: Նա խօսեց ուխտագնացութեան կարևորութեան մասին, գնահատելով ուխտագնացութիւնը կազմակերպողների աշխատանքը և աւարտին անդրադարձաւ նաև սոյն տարին յատկանշող Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին և դրանից փոխանցւող պատգամներին: Այդ առիթով, Սրբազան Հայրը եկեղեցադպրոցական հոգաբարձութեան և գրասենեակին նւիրեց 100-ամեակին նւիրւած՝ նոր հրատարակւած երկու հատոր գրքերից զոյգ օրինակներ:

Երեկոյեան ուխտաւորները մեկնեցին դէպի Անզալի:

Ուրբաթ առաւօտեան ժամը 10:30-ին Անզալիի Ս. Աստւածածին մատուռի մէջ մատուցւեց հանդիսաւոր եպիսկոպոսական պատարագ ձեռամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: Պատարագին Ս. Սեղանին սպասարկեց Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խումբը ղեկավարութեամ տկն. Օֆիկ Մելիքեանին:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Ս. Կոյս Մարիամի առաքինութեանց մասին և վեր բերեց նրա մայրութիւնը իբրև տիպար և բարձրագոյն օրինակ բոլոր մայրերին: Իր քարոզում անդրադարձաւ նաև վերափոխման կապւած ազգային աւանդութիւնների և ի մասնաւորի խաղողի օրհնութեան արարողութեանը և դրա տօնին առնչւելու իմաստին և կարգաւորմանը:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ աւանդական խաղողօրքնէքը, որից յետոյ ուխտաւորները եկեղեցու բակում հիւրասիրւեցին և ապա ճշտւած ճաշարանում, որտեղ Անզալիի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնը Առաջնորդ Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին էր ճաշով հիւրասիրել, միասնաբար կէսօրւայ ճաշը կիսեցին: Ընթացքին դարձեալ ըստ սովորութեան տեղի ունեցաւ բաժակաճառութիւն, խանդավառ երգեցողութիւն և մաղթանքների փոխանակում: Երկու տեղում էլ, թէ Ռաշտում և թէ Անզալիում սեղանապետութիւնը վարեց պրն. Արման Բանդարին:

Ուրախ և խանդավառ մի պահ անցկացնելուց յետոյ ուխտաւորները երեկոյեան ժամը 5:00-ին վերադարձան Թեհրան: