ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԻՆՉՊԷՍ ՆԵՐԿԱՅ ԳՏՆՒԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Մարդկային ընկերութիւնը պատմութեան ամենավաղ ժամանակներից սկսեալ ինք իրեն համար ստեղծել, կազմել է օրէնքներ, կանոններ եւ նրանց հիմամբ կարգաւորել է իր կեանքը, մշակել յարաբերութիւններ ու զարկ է տւել իր կեանքին։

 

Քրիստոսի եկեղեցին իբրեւ անբաժանելի մաս մարդկային ընկերութեան, այլեւ իբրեւ աստւածա-մարդկային հաստատութիւն ինք եւս ունի իր յաւիտենական սկզբունքները, որոնց պահպանումը ամէն մի քրիստոնեայի նւիրական պարտականութիւնն է։

Եկեղեցին ե՛ւ ժողովուրդն է ե՛ւ հոգեւոր այն իրականութիւնը, որ մի կողմից ժողովրդի իւրաքանչիւր անդամը կապում է միմեանց եւ միւս կողմից էլ յաւերժացնում է եկեղեցին։

Հայաստանեայց եկեղեցին իր հիմնադրութեան առաջին օրից հետամուտ է եղել իր անդամների հոգեւոր կեանքի աճման, ինչպէս նաեւ նրան առաջնորդելու բաղձացւած փրկութեան, որով եւ յաւիտենական կեանքին։ Հէնց այս առաքելութեան իրականացման համար էր, որ Աստւած ինք մարդացաւ, մարմին առաւ մեր փրկութեան եւ յաւիտենական կեանքի համար։ Յովհաննու Աւետարանում կարդում ենք, «Քանի որ Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր Միածին Որդուն տւեց, որպէսզի նա, ով հաւատում է նրան չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ»(Յհ. 3։16)։

Արդարեւ Քրիստոսի փրկագործական առաքելութիւնը իրագործում է եկեղեցին, որ խորհուրդների, այսինք եկեղեցում կատարւող մկրտութեան, դրոշմի, ապաշխարութեան, հաղորդութեան, պսակի, ձեռնադրութեան եւ կարգ հիւանդաց արարողութիւնների միջոցաւ հաւատացեալը լցւում է Ս. Հոգու շնորհներով, որոնցով նա դառնում է որդեգիրը Աստծու։

Եկեղեցում կատարւող արարողութիւններին հաւատացեալը երկիւղածութեամբ, խոնարհութեամբ ու յարգանքով հետեւելու է. Առաքեալը ասում է.«Որեւէ կին, երբ աղօթի կամ մարգարէական պատգամախօսութիւն անի գլխաբաց, անպատւած կը լինի իր գլուխը, այսինքն՝ իր ամուսնոյն… Ահա թէ ինչու աղօթելիս կինը պէտք է քողով ծածկի իր գլուխը, ինչպէս որ հրեշտակները ծածկում են իրենց դէմքը Աստծու ներկայութեամբ»(Ա. Կր. 11։5-10)։

Պատմութեան ընթացքին մեր եկեղեցու հայրերը յատուկ բծախնդրութիւն, նախանձախնդրութիւն թելադրած են եկեղեցու հաւատացեալներին թելադրելով, որ ծածկւած գլուխով ու պարկեշտ հագուստներով մասնակցեն եկեղեցական արարողութիւններին։
Այսօր մենք ցաւով նկատում ենք թէ ինչպէս կանայք անվայել հագուստներով, չասելու համար, կիսամերկ, իսկ այր մարդիկ անյարգալից չասելու համար հարբած ձեւով մասնակցում են կրօնական արարողութիւններին, յատկապէս պսակի խորհրդին։

Ի տես այս տխուր վիճակին մենք կարեւորութեամբ մեր ժողովրդի բոլոր զաւակների ուշադրութեան յանձնում ենք հետեւեալ պարագաները.-

1- Նախ կարեւորութեամբ մեր ժողովրդի ուշադրութեան ենք յանձնում, որ ամէն անգամ երբ եկեղեցի ենք մտնում պատարագի պահին, մկրտութեան եւ կամ որեւէ մէկ արարողութեան ներկայ լինելու համար, խաչակնքելով ու երկիւղածութեամբ պէտք է մտնել եկեղեցի եւ այնուհետ լրջութեամբ եւ լռութեամբ առանց կողքի նստողի հետ խօսելու եւ կամ հեռւից ձեռքով բարեւելու, հետեւել եկեղեցական արարողութեան։ Եկեղեցում նստելիս ոտք ոտքի վրայ չդնել, ծամոն չծամել եւ մանաւանդ բջջայինով չխօսել։

2- Բազում անգամ ասել ենք, գրել ենք ու շարունակում ենք ասել եւ կրկնել, որ պսակւողները պարտին ճշդւած ժամին, առանց ուշացումի, ներկեայ լինեն եկեղեցի. յետագային ուշացման պատճառով տեղի ունենալիք անպատեհութիւնների պատասխանատւութիւնը ուշացողների վրայ է։

3- Պսակադրութեան խորհրդի կատարման ընթացքին առաւելագոյնը երեքից-չորս զոյգ հարսնաքոյրերի կամ հարսնեղբայրների մասնակցութիւնը թոյլատրւում է խորանի առաջ։ Հարսնաքոյրերի պարագային զգոյշ պէտք է լինեն իրենց հագուստներին։

4- Պսակադրւողների պարագաներին, յատկապէս կնքամօր, թելադրւում է պատշաճ հագուստով եկեղեցի ներկայանալ արարողութեան, իսկ տղամարդկանց թելադրւում է լուրջ, յարգալից ոչ հարբած վիճակով մասնակցել արարողութեան։

5- Պսակի արարողութեան ընթացքին արգելւում է բջջային հեռախօսով նկարել եւ Ֆիլմ վերցնել, որովհետեւ այդ արարողութիւնը խանգարում է։

6- Պսակւող զոյգերը պարտին հայ լուսանկարիչների հետ համագործակցել, ոչ-քրիստոնեայ նկարիչների մուտքը եկեղեցական արարողութիւնների ժամանակ արգելւած է։

Մեր թելադրանքն ու պատւէրը մեր ժողովրդին այն է, որ փորձենք հայավայել ու քրիստոնէավայել ձեւով մասնակցել կրօնական արարողութեանց, որպէսզի արժանանանք Աստծու օրհնութեան եւ շնորհքին։ Մենք հաւատում ենք, որ Ս. պսակի խորհրդի կատարումով ստանում ենք Ս. Հոգին, որով զոյգը ի հոգեւորս միանում եւ մէկ մարմին են լինում ինչպէս Աւետարանն է պատգանում եւ Ս. Հոգին ստանալով մենք ստանում ենք նաեւ Ս. Հոգու պտուղները՝ սէրը, ուրախութիւնը, խաղաղութիւնը, համբերատարութիւնը, ազնւութիւնը, բարութիւնը, հաւատարմութիւնը, հեզութիւնն ու ժուժկալութիւնը, այս առաքելութիւններով զարդարւած նորապսակ զոյգի կեանքը վերածւելու է երկրաւոր դրախտի, որպէս նախատիպարը երկնային դրախտի։

Թ. Հ. Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com