ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ երկուշաբթի, օգոստոսի 6-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով գումարւեց Կրօնական Խորհրդի նիստ մասնակցութեամբ բոլոր քահանայ հայրերի, եկեղեցիների Եկեղեցական Խորհուրդների ներկայացուցիչների եւ հայ լուսանկարիչների ներկայացուցիչների։

Հանդիպման հիմնական նպատակը, մեր ժողովրդի գիտակցութեան մէջ, մի անգամ եւս, վերակենդանացնելն է եկեղեցու եւ եկեղեցում կատարւող խորհուրդների նկատմամբ քրիստոնէավայել, հայավայել, լուրջ ու վայելուչ կեցւածք ցուցաբերելը։

Ցաւով տեսնում ենք թէ ինչպէս կանայք անվայել հագուստներով, չասելու համար, կիսամերկ, իսկ այր մարդիկն էլ անյարգալից ձեւով մասնակցում են կրօնական արարողութիւններին, յատկապէս պսակի եւ մկրտութեան խորհուրդներին։

Առաջնորդ Սրբազանն ու ժողովականները մատնանշեցին խոցելի եւ եկեղեցու կեանքում անյարիր երեւոյթները։ Այս երեւոյթներից մէկը ուշացումով արարողութեան ներկայ լինելն, հարսի ու փեսայի ուշացումն են որով ամբողջ եկեղեցական կարգն է խանգարւում։

Ժողովականները որոշեցին, մի անգամ եւս, յատուկ գրութեամբ, խոստումնագրով պսակւողների եւ պսակի մասնակցողների ուշադրութեան յանձնել ուշացումների եւ նրանց հետեւանքների պարագան։

Աշխարհով մէկ եկեղեցու խորհուրդների՝ Ս. Պատարագի, Պսակի եւ Մկրտութեան արարողութիւններին հաւատացեալները ճիշդ ժամանակին են ներկայ գտնւում։ Ուշացումը անյարգութիւն է պսակի հրաւիրեալներին։

Սթափի՛ր սիրելի ժողովուրդ եւ յարգիր քո հայրերի ու սրբազան եկեղեցուդ կարգն ու կանոնը։

Թ. Հ. Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՐԴ