Հանդիպում Նորւեգացի Լրագրողի Հետ

Թւականիս սեպտեմբերի 26-ին, Թ. Հ. Թեմի Թեմական Խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը հանդիպեց նորւեգացի լրագրող՝ տկն. Թով Գրադւալի հետ, որը ներկայացնում էր Մորգէնբլադէթ լրատւական հաստատութիւնը:

Թով Գրադւալը, 1988 թւականի Հայաստանի Սպիտակ քաղաքի աղետալի երկրաշարժից յետոյ, առաջին անգամ այցելել է Հայաստան:  Այնուհետև շարունակել է աշխարհի տարբեր շրջաններում ուսումնասիրել հայերի մասին:  Վերջին անգամ 2005 թւականին եղել է Հայաստանում և շրջել համարեա բոլոր եկեղեցիները:

Նա Իրանում հայ համայնքի կեանքի վերաբերեալ հարցեր ուղղեց և Պրն. Յովհաննիսեանը մանրամասնօրէն պատասխանեց բոլոր հարցերին, ընդորում իրանահայ դպրոցների, միութիւնների, մշակութային և կրօնական կենտրոնների և համայնքի բարւոք վիճակի մասին:

Վերջում, երբ Գրաւդալն իմացաւ, որ Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում 3 Սիրիահայ ընտանիքներ են ապրում, որոնք գաղթել են Իրան, և որոնց Թեհրանի Հայոց Առաջնորդարանը հովանաւորում է, բաւականին զարմացաւ և մեծ հետաքրքրութիւն յայտնեց այդ ընտանիքներին այցելելու և իրենց հետ հարցազրոյց ունենալու համար:

Պրն. Յովհաննիսեանի ուղղութեամբ, այցելուները մեկնեցին Ս. Աստւածածին եկեղեցի, ուր այցելեցին եկեղեցին և Արտակ Մանուկեանի անւան թանգարանը:  Այնուհետև մէկ ժամից աւել հարցազրոյց են ունեցել Սիրիահայ ընտանիքների անդամների հետ, որից յետոյ մեծ գոհունակութեամբ թողել են շրջապատը: