ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 8 Յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Իր քարոզում Սրբազան հայրը շեշտելով թէ Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի մեծագոյն տօներից է ասաց՝ «Եկեղեցական հայրերը, այդ տօնը մեկնաբանել են որպէս Քրիստոսի կեանքի ամենանւիրական և ամենաէական պահը, երբ Քրիստոս կամաւորապէս ինքն իրեն բացայայտեց իր աշակերտների դիմաց: Իր Աստւածային փառքը յայտնեց իրենց, հաստատելու և փաստելու, որ ինքը եկած է ոչ թէ երկրաւոր թագաւորութիւն հաստատելու, այլ եկած է, որպէսզի մարդկանց առաջնորդէ երկնքի արքայութեան»:

Սրբազան Հայրը նաև բացատրեց թէ Ս. Գրիգոր Լուսաւորիչը, քրիստոնէութեան պետականացումից յետոյ, բազմաթիւ ազգային տօներ, նոր իմաստով կապեց քրիստոնէութեան, որոնցից մէկն է Վարդավառը, այսինքն վարդերի կամ ծաղիկների տօն, որը կապւեց Պայծառակերպութեան տօնին: Ապա բացատրեց՝ «Ջուրը քրիստոնէական հասկացողութեամբ նոր իմաստ է ստացել: Ջուրը մաքրութեան խորհրդանիշ է և հետևաբար Ս. Գրիգոր Լուսաւորիչը կազմակերպեց, որ Այլակերպութեան տօնին նաև մեր ժողովրդի զաւակները ջրացան կազմակերպեն եկեղեցական արարողութիւնից յետոյ, ասելով՝ թող Աստւածային այս ջուրը սրբի քո մեղքերը, քեզ Աստւածահաճ կեանքով զօրացնի»:

Առաջնորդ Սրբազանը յորդորեց մեր ժողովրդին, որպէսզի պահպանեն թէ քրիստոնէական և թէ ազգային աւանդութիւններն ու սովորութիւնները, շեշտելով՝ «Դրանցով է, որ մի ժողովուրդ հոգեպէս հպարտանում և զօրանում է ու կապւում իր անցեալին»:

Վերջում Սրբազան Հայրը շնորհաւորելով բոլորին Պայծառակերպութեան տօնը, աղօթեց բարձրեալ Աստծուն, որպէսզի իր պայծառակերպութեամբ բոլորին պայծառակերպի և սրբի բոլոր մեղքերից:

Եկեղեցում ներկայ հաւատացեալները, մեծ թէ փոքր, Սուրբ Հաղորդութիւն ստանալուց յետոյ, արարողութեան աւարտին, Վարդավառի աւանդութիւնը վառ պահելով, խանդավառութեամբ եկեղեցիների բակում միմեանց վրայ ջուր թափեցին և ուրախ ժամեր անց կացրին: Այդ առիթով բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատշաճ հիւրասիրութիւն էին պատրաստել, որը օրհնւելուց յետոյ հիւրասիրւեց ժողովրդին: