Մանուկների Դաշտահանդէս

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ և Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 18- ին, առաւօտեան ժամը 10-ից մինչև կէսօրից յետոյ ժամը 4-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը Արարատ մարզաւանում։

Ծրագիրը ընդգրկում էր հոգևոր բնոյթ ունեցող աշխատանքներ 3-ից 12 տարեկան մանուկների համար, որ մեծ ուրախութեամբ կատարում էին մանուկները։

Աշխատանքները կատարւում էին հետաքրքիր անուն ունեցող տաղավարներում, օժանդակ խմբերի օգնութեամբ, որոնցից էին «Մեր ճամբորդակից Յիսուսը» , «Փնտրեցէք և գտէք», «Ոսկէ բացիկ», «Օրհնեալ ընտանիք»,« Արւեստի կայան» , «Երկնային թռիչք», «Խճանկար», «Մարզախաղ», «Հաւատայ ինձ ես էլ կարող եմ այն ինչ դու»,«Վեր վեր, միշտ դէպի վեր», «Մեր հրաշք այբուբէնը», «Գիտես արդեօք», «Իմ տառերի պայուսակը»։

Ծրագրին ներկայ էին Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և թեմիս Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։ Սրբազան հայրը, Արժ. Տ. Գրիգորիս Քհն. Ներսեսեանի և յանձնախմբի անդամների ընկերակցութեամբ եղաւ տաղավարներում , դիտեց աշխատանքները և ամբողջութեամբ գնահատեց։

Եղան փոքրիկներ, որ ազատ բեմում երգելով և ասմունքելով ուրախացրին բոլորին։ Իսկ ծրագրի աւարտին արժանապատիւ քահանայ հայրը, թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի օրհնութեան ու գնահատանքի խօսքը փոխանցելով,աւելացրեց իր շնորհակալական խօսքը օժանդակ խմբերին, և գնահատելով նրանց աշխատանքը, շեշտեց որ ապագայ սերնդի դաստիարակութեան հիմքը պէտքէ լինի նրանց մատղաշ տարիքում, որը պէտք է ընդգրկի նաև հոգևոր դաստիարակութիւնը։

Նաև եղաւ համեստ, ընդունելութիւն և գեղեցիկ յուշանւէրով գնահատւեցին օժանդակ խմբերի բոլոր անդամները։

Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ