Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակին նւիրւած «Զէյթուն» քաղաքամասի համատեղ ծրագիր՝ Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի մեծարման ծրագրերի շարանում թւականիս ապրիլի 28-ին կազմակերպւել էր միասնական դասախօսական- գեղարւեստական ծրագիր «Զէյթուն» քաղաքամասի ազգային եւ մշակութային կառոյցների մասնակցութեամբ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:

Միջոցառումը նախաձեռնել էին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, իրանահայ ազգային եւ մշակութային միութիւնը, Աշխարհատեսների հայկական կենտրոնի նոյն քաղաքամասի մասնաճիւղը եւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու հոգեւոր եղբայրակցութիւնը: Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեց եկեղեցու երգչախումբը, ապա օրւայ հաղորդավար Փիւնիկ Քեշիշեանը ներկաներին ողջոյնի խօսք ասելով, հրաւիրեց Վալոդ Հախինեանին, ով կազմակերպիչ յանձնախմբի անունից օրւայ խօսքը փոխանցեց:

Ծրագրին դասախօս էր հրաւիրւել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ժողովրդի պահանջատիրական ոգու պահպանմանը: Նա ընդգծեց է՛լ աւելի զգօն աշխատանք ընդլայնելու անհրաժեշտութիւնը՝ միջազգային հանրութեանը իրազեկելու հայ ժողովրդի դէմ իրագործւած Ցեղասպանութեան, այն դատապարտելու անհրաժեշտութեան եւ Թուրքիայի կողմից հատուցման կարեւորութեան մասին: Նա համապարփակ տողերով ներկայացրեց պատմական տւեալներ զանազան ժամանակաշրջաններում հայ ժողովրդի դէմ իրագործւած Ցեղասպանութիւնների, Ցեղասպանութեան հանգամանքների, հետեւանքների եւ միջազգային հանրութեանը Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը ներկայացնելու մեթոդների, Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանոմ հայ ժողովրդից բացի յոյների ու ասորիների դէմ իրագործւած Ցեղասպանութիւնների եւ այդ հարցով ժամանակի գերտէրութիւնների դիրքորշումների մասին: Նա ընդգծեց, որ Ցեղասպանութեան ենթարկւած հայ ժողովուրդը չընկճւելով եւ անկոտրուն կամք դրսեւորելով յաջողեց ստեղծել մշակութային, գիտական, գրական եւ մտաւոր հսկայ հարստութիւն, եւ ժառանգելով իր նախնիների թողած հսկայ գանձերը, հրաշագործութեանը համահաւասար գործընթացով այսօր էլ աւելի ամուր քայլերով ընթանալ դէպի ապագայ:

Գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառման աւարտին հրաւիրւեց Թ. Հ. Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Դարերի ընթացքում ժողովուրդները ապրել, պայքարել ու գործել են յանուն իրենց ինքնուրոյնութեան պահպանման, յանուն իրենց հայրենիքի ամբողջականութեան պահպանման, յանուն իրենց ազգային եւ հոգեւոր արժէքների»: Սրբազան Հայրը շեշտեց. «Հայոց Ցեղասպանութիւնը խորքում ուրիշ բան չէր, եթէ ոչ հայ ժողովրդի կեանքի պայքարի կասեցումը, այն օսմանցիներով սկսւեց եւ շարունակւում է մինչեւ այսօր»: Սրբազան Հայրը կարեւորեց հոգեւոր եւ ազգային արժէքների պահպանումը եւ ժողովրդի առաքելութիւնը համարեց շարունակել հայ ժողովրդի սրբազան նահատակների կիսատ թողած գործը: Իր խօսքի այլ բաժնում թեմակալ առաջնորդը շեշտեց. «Նա ով իմաստութիւնը ունի իր իրաւունքին տէրը լինելու, ոչ ոք չի կարողանայ այն խլել իրենից»:

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:

Միջոցառման գեղարւեստական բաժնում ասմունքային կատարումներով ելոյթ ունեցան Մարինա Շահմիրեանը, Ադրինէ Աղաջանեանը, երգերով հանդէս եկան Աշխարհատեսների հայկական կենտրոնի «Նարեկ» անսամբլը ղեկավարութեամբ՝ Գիտա Եասերիի, ստեղնաշարային գործիքաւորմամբ առանձին ելոյթներով հանդէս եկան Արին Միրզախանեանը եւ Վազրիկ Մանսուրեանը, ջութակի կատարումով Նանէ Յովհաննիսեանը, իսկ «Նարեկ» համոյթից առանձին ելոյթներով հանդէս եկան Եօլանդա Մանսուրեանը եւ Վիկտորիա Խաչատրեանը, որոնց երգեհոնով ընկերակցում էր Վազրիկ Մանսուրեանը, վերջում երգերով հանդէս եկան Մելանի եւ Ստիւ Աւանէսեանները:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից