Դասախօսութիւն՝ «Աստւածային կրօնների սուրբ գրքերում ընդհանրութիւնների քննարկում»

 

Չորեքշաբթի, մայիսի 9-ի առաւօտեան, Թեհրանի գրքի 31-րդ միջազգային ցուցահանդէսի շրջագծում, 15-րդ սրահում գտնւող «Սարայէ Ահլէ Ղալամ» տարածքում, կազմակերպւել էր դասախօսութիւն, «Աստւածային կրօնների սուրբ գրքերում ընդհանրութիւնների քննարկում» խորագրով:

Նիստը ղեկավարում էր Իսլ. Մշակոյթի և Առաջնորդութեան Նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու՝ Սայիդ Թաղաւին:

Դասախօսութեան ընթացքում ելոյթներով հանդէս եկան Իսլ. Մշակոյթի և Առաջնորդութեան Նախարարութեան Մշակութային հարցերով գերատեսչութեան փոխտնօրէն՝ պրն. Ալի Փուրը, Թեհրանի Հայոց Թեմից՝ Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը և հրեաների հոգևորական՝ դոկտ. Թեհրանին:

Տ. Գրիգորիսը հաւատամքից որոշ հատւածներ մէջ բերելով, շեշտեց՝ մարդ արարածն Աստծու նմանութեամբ ստեղծւելով պարտաւոր է սիրել և յարգել իր պատկերակից եղբօրը։ Ապա ակնարկեց Յովհաննէս Առաքեալի առաջին ընդհանրական նամակին, ըստ որի Առաքեալը համազօր է համարում մարդու` Աստծու հանդէպ տածած սէրը և իր եղբօր հանդէպ ունեցած սէրը։

Քահանայ հայրը նաև երեք Աբրահամեան կրօնների Սուրբ Գրքերից մէջբերումներ անելով յիշեց նրանց մէջ առկայ նոյնանման առաքինութիւններն ու հաւատալիքները, որոնք կարող են նպաստել համաշխարհային խաղաղութեան։