Երկխօսութիւն Իրանի Մշակոյթի Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կենտրոնատեղիում

Շաբաթ, մայիսի 15-ի յետ միջօրէին, մեկնարկւեց Իրանի Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջեւ կայացած երկխօսութեան 11-րդ փուլը, որը կայացաւ Մշակոյթի Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան կենտրոնատեղիում «Կրօն եւ Բնապահպանութիւն» խորագրով:

Այս համագումարին եւս իր մասնակցութիւնը բերեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանի ու Պրն.Արտոյտ Զոհրաբեանի:

Սրբազան Հայրը իր խօսքի մէջ արտայայտւեց կենսոլորդի եւ բնապապանութեան թեմային՝ ինչը յոյժ առնչւելով մարդկային կեանքին, հետաքրքրում է մեզ:

Սրբազան Հայրն իր խօսքում ասաց. «Քրիստոնէութիւնը հաւատում է, որ բոլոր աւանդութիւններում առկայ է դէպի բնութիւն եւ կենսոլորդ վերադարձի ցանկութիւնը: Սրա մասին վկայում են Աստւածաշնչի Ծննդոց գրքի եւ Նոր Կտակարանի բազում համարներ: Նոյնպէս Քրիստոնէութիւնը հաւատում է, որ Աստւած բնութիւնը մարդ արարածի բարիքի համար ստեղծեց եւ վերջինս պարտաւոր է պահպանել ու տնտեսել այն»:

Սրբազան հայրը շեշտեց. «Մենք պարտաւոր ենք պահպանել Աստծու կողմից մեզ աւանդւած երկիրը, քանզի նա աստւածային պարգեւ է»: Նաեւ ասաց՝ «Մենք, աստւածային կրօնների հետեւորդներս պիտի ուղղորդւած լինենք բնապահպանութեան, որովհետեւ բնութիւնը Աստծու ստեղծագործութիւնն է: Բնապահպանութիւնը Աստծու կողմից մեզ վստահւած պարտականութիւն է»:

Նա. աւելացրեց՝ «Հոգևոր առաջնորդները կրօնական հաւատալիքների ընդմիջից հաւատացեալներին բնութիւնը պահպանելու կոչ են ուղղում, ուսուցումներ, որ բոլորս պիտի կառչած մնալով դրանց, պահպանենք մեր աշխարհը»:

Վերջում Սրբազան Հայրը նաեւ ակնարկեց Հայաստանում Խոսրովի անտառի մասին, յաւելելով՝ «Հայաստանում շատ վաղ ժամանակներից սկսեալ յատուկ խնամք էր տարւում անտառներին և բնապահպանութեան գործին»: