Թեհրանի Քաղաքապետը, քաղաքի 8-րդ շրջանում 20 մշակութային-մարզական կենտրոնների բացումը կատարեց

Շաբաթ ապրիլի 7-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմադալի Նաջաֆին, Թեհրանի 8-րդ շրջանում, 20 քաղաքային ծրագրերի՝ մշակութային և մարզական կենտրոնների բացումը կատարեց:

Բացման արարողութիւնները կազմակերպւել էին Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ՝ Բահման Նուռիի միջոցով: Ծրագրերին ներկայ էին նաև Թեհրանի 22 շրջանների քաղաքապետերը:

Թեհրանի Սասուն (Նարմաք) քաղաքամասի կենտրոնների բացման ներկայ էին Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը և Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները: Սոյն ծրագրում գնահատւեցին, հայ նահատակ զինւոր՝ Վիգէն Կարապետեանի մայրը, նաև հայ գրող և ուսումնասիրող՝ Յովիկ Մինասեանը:

Թեհրանի Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի կենտրոնների բացման արարողութեանը ներկայ էին Տ. Մեսրոպ քհն. Ռաթէոսեանը, Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները: Սոյն շրջանում բացումը կատարւեց մի ցուցասրահի, որը անւանակոչւեց՝ «Հայ Նահատակներ» անունով:

Ծրագրի սկզբում, քաղաքապետին, հայերէն և պարսկերէն լեզուներով, բարի գալուստի խօսք ասաց Սասուն Մանկապարտէզի սան՝ Լէոնիդ Շամիրեանը:

Թեհրանի քաղաքապետն իր ելոյթի ընթացքին, յոյս յայտնեց, որ սոյն կենտրոնների բացումը, մայրաքաղաքի այս խիտ բազմութեամբ բնակեցւած շրջանում, կաջակցի շրջանի քաղաքացիների ապրելակերպի բարելաւմանը: