ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԱԿՈՒՄԲ

Երկուշաբթի 12 Մարտ 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս բազմերախտ ազգայիններից պրն. Նորայր Արամեանին, որ Հայոց Ակումբի վերահասու յանձնախմբի կողմից լիազօրւած է լինելու Ակումբի շինարարական եւ իրաւական հարցերին, խորհրդակցութեամբ վերահասու յանձնախմբի հետ։

Պրն. Արամեանը զեկուցեց մինչ այդ տարւած աշխատանքների մասին եւ որոշ գոհունակութեամբ յայտնեց վերջին ամիսների ընթացքի մէջ եղող աշխատանքների կապակցութեամբ։

Ինչպէս ծանօթ է 2015-ի ամրան, Հայոց Ակումբի շէնքը իր կողքին կառուցւող մեծ կանգառի շինութեան բերումով, արկածի էր ենթարկւել։ Ուրախ ենք յայտնելու, որ այս հանգրւանին աշխատանքները իրենց հունի մէջ են մտել եւ կը յուսանք, որ ոչ շատ երկար ժամանակաշրջանում շինարարական աշխատանքները իրենց աւարտին կը հասնեն։

Հանդիպումից յետոյ Սրբազան հայրը ընկերակցութեամբ պրն. Արամեանի եւ առաջնորդարանի դիւանապետ պրն. Սերոժ Օհանեանի այցելեց Հայոց Ակումբ, որտեղ Ակումբի վարչութեան ատենապետ պրն. Վահէ Գերասիմեանը միացաւ Սրբազան հօր եւ իր ընկերակիցներին։ Պրն. Արամեանն ու պրն. Գերասիմեանը լայն բացատրութիւններ տւին տարւած աշխատանքների մասին։ Սրբազան հայրը շրջագայեց չորս կողմ եւ գոհունակութեամբ վերահասու եղաւ մինչ այդ տարւած աշխատանքներին։