Պետական այրերի հանդիպումը հայ նահատակ՝ Գագիկ Թումանեանի ընտանիքի հետ

Երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Իրանի պետական այրերը այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ 8-ամեայ պատերազմի տարիներին նահատակւած՝ Գագիկ Թումանեանի ընտանիքին:

Հանդիպմանը ներկայ էին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Ազիմ Բաբային եւ նոյն շրջանի 3-րդ քաղաքամասի քաղաքապետ Մոհսէն Աֆրաշը, Ջամքարան մզկիթի աղօթապետը, շրջանի պահակազօրի, կարգապահական ուժերի, քաղաքապետարանի, քաղխորհրդի ու յարակից բաժինների պատասխանատուներ, Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը:

Հանդիպման ընթացքում աղօթապետը կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ համայնքի դերակատարութեանը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների ընթացքում:

Քաղաքապետը շնորհակալութիւն յայտնելով հիւրընկալութեան համար նշեց, որ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանում Գագիկ Թումանեանի անունը կրող հրապարակում նախատեսւած է կառուցել նահատակի կիսանդրին:

Ապա, արտայայտւեցին նահատակի մայրը՝ տկն. Յասմիկը եւ քոյրը՝ Անուշը, ովքեր իրենց երախտագիտութիւնը յայտնեցին պետական այրերի ցուցաբերած ուշադրութեան համար: