Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Երեքշաբթի թւականիս 27 փետրւարի առաւօտեան, Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի հոգեւոր խորհրդատու՝ Արժ. Տ. Արիստակէս Քհն. Շահմիրեանն ընկերակցութեամբ յանձնախմբի ներկայացուցիչի այցելեց Նայիրի դպրոցի տարրական օղակի աշակերտներին։

Քահանայ հօրը դիմաւորեցին դպրոցի տեսուչ՝ պրն. Աբուին, փոխտեսչուհի՝ տկն. Հրանուշ Սարգսեանը և կրօնի ուսուցչուհի՝ օր. Շարիս Մելքոմ Աբգարը: Ապա տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւնը, որի ճաշակելուց յետոյ սկսւեց հանդիպման առաջին փուլը՝ «Տէրունական աղօթք»-ով եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով։

Սկզբնական բաժնում Ա,Բ,Գ դասարանների աշակերտները քահանայ հօր հարցերի միջոցով իրենց մասնակցութիւնը բերին օրւայ թէմայի քննարկմանը, որը եկեղեցի յաճախելու եւ կիրակնօրեայի դասընթացներին մասնակցելու վերաբերեալ էր։ Ապա քահանայ հայրը անդրադարձաւ հաղորդութիւն ստանալու կարեւորութեանը, աղօթքի, Աստւածաշնչի ընթերցման միջոցով Աստծու ձայնը լսելու և Նրա հետ կապ հաստատելուն, իսկ քահանայ հայրը նկատի առնելով երեխաների տարիքը, Աստւածաշնչի ընթերցման վերաբերեալ նրանց ծանօթացրեց Սրբազան հօր հրամանով պատրաստւած DVD-ներին, որոնք պատմում են Քրիստոսի կեանքի ու հրաշքների մասին, ապա առաջարկեց դրանք դիտելով հաղորդակից դառնան Աստծու խօսքին։ Այս փուլի աւարտին գնահատւեցին շարադրութեան մրցութիւնում շահող երրորդ դասարանցիներ՝ Ալէքս Առաքելեանը և Ալէն Մալէքեանը։

Երկրորդ բաժնում քահանայ հայրը հանդիպեց Դ,Ե,Զ դասարանների աշակերտներին։ Քահանայ հայրն այս անգամ ընդարձակ բացատրութիւններով անդրադարձաւ եկեղեցի յաճախելու, աղօթքի, բարեգործութեան ու սիրոյ կարևորութեանը առօրեայ կեանքում։ Նաև գոհացուցիչ բացատրութիւններով պատասխանեց երեխաների հարցերին, որնք էին աշխարհի վերջի, Քրիստոսի երկրորդ գալստի եւ յաւիտենական կեանքի վերաբերեալ: Քահանայ հայրը նաև ակնարկներ ունեցաւ Քրիստոսի տւած սիրոյ պատւէրին և կարևորեց եղբայրասիրութիւնը և մարդասիրութիւնը, ինչու չէ նաև քաջալերեց հեռու մնալ ստախօսութիւնից, սուտ երդումից և բամբասանքից, որպէսզի հաճելի կեանք ապրեն Քրիստոսի լոյսի եւ հովանու ներքոյ։ Քահանայ հայրը հրաւիրեց երեխաներին յաճախեն եկեղեցի եւ մասնակցեն արարողութիւններին, որպէս պարտականութիւն եւ երախտագիտութիւն, Աստծուն՝ շնորհած իր բոլոր բարիքների համար, նաև քաջալերեց նրանց մասնակցելու կիրակնօրեայի դասընթացներին։

Վերջում գնահատւեց շարադրութեան մրցութիւնում շահող չորրորդ դասարանցի Արամէ Աբրահամեանը։ Իսկ քահանայ հայրը իր շնորհակալական խօսքերով և Պահպանիչ աղօթքով, աւարտին հասցրեց հանդիպումը, գոհունակութիւն թողնելով դպրոցի կազմի և աշակերտների մօտ։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ