Արևագալի Արարողութիւն Սրբոց Վարդանանց Եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտի 6-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Աղօթքի և Աստւածապաշտութեան հիմնական և էական նպատակը մի կողմից Աստծուն փառաբանելն է և միւս կողմից նաև լուսաւորւել պաշտամունքից մեզ փոխանցւող լոյսով, որպէսզի կարողանանք մեր կեանքը Աստծու կամքի համաձայն ապրել»:

Մի ուրիշ բաժնում Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Քրիստոսն աշխարհ եկաւ, որպէսզի մեզ առաջնորդի, առաջնորդի յաւիտենական կեանքի: Նա Իր առաքելութեան սկսած ժամանակ ասաց՝ Ապաշխարեցէք, որովհետև մօտեցել է երկնքի արքայութիւնը: Հետևաբար, մենք պատրաստ պիտի լինենք երկնքի արքայութեան մուտք գործելու: Ապաշխարել ուրիշ բան չէ, եթէ ոչ աշխարհից ետ դարձ անենք դէպի Աստւած: Երբ դառնում ես դէպի Աստւած, այլ խօսքով դէպի գերագոյն Լոյս, այն ժամանակ քո կեանքի ճանապարհը լուսաւոր կը լինի և դու անսայթաքօրէն կը կարողանաս քայլել»:

Ապա բացատրելով Արևագալի արարողութեան մասին ասաց՝ «Մեր Արևագալի արարողութեան ընթացքին մենք երգում ենք՝ Լոյս, Արարիչ Լուսոյ, Առաջին Լոյս: Աստւած առաջին և Արարիչ Լոյսն է, որ լուսաւորում է ոչ միայն տիեզերքը, այլև մարդու միտքը և հոգին»: «Հետևաբար երբ կոչ ենք անում ապաշխարութեան, դառնալու դէպի Աստւած, այսինքն մենք դառնում ենք դէպի Լոյս, դէպի յաւիտենական կեանք», եզրափակեց Սրբազան Հայրը:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհուրդը, խորհրդի ժողովասրահում հիւրասիրեց Առաջնորդ Սրբազան Հօրը և քահանայ հայրերին: