«Արարատ»-ի Երիտասարդ Բասկետբոլիստներն Ազգային Առաջնորդարանում

Կիրակի, 2018 թւի մարտի 4-ի երեկոյեան, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան երիտասարդ բասկետբոլիստները, որոնք նւաճել էին Իրանի բասկետբոլի օմիդների լիգայի չեմպիոնի կոչումը, հիւրընկալւեցին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ՝ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Միջոցառմանը ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Պատգամաւորական Ժողովի, Կրօնական և Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամները, մարզիկները և ծնողները:

Նախ՝ բարի գալստեան և շնորհաւորական մաղթանքներով հանդէս եկաւ Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը: Ապա Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանեանը հակիրճ բացատրութիւններ տւեց Արարատ Կազմակերպութեան մարզանքի խմբերի աճման համար նախաձեռնւած աշխատանքների մասին: Այնուհետև Կազմակերպութեան կողմից պատրաստւած գնահատագրեր և «Սասունցի Դաւիթ»-ի մեդալիոնները, որպէս յուշանւէրներ յանձնւեցին մարզիկներին, մարզիչներին և պատասխանատուներին:

Ապա Առաջնորդ Սրբազան հայրն իր հայրական պատգամը փոխանցեց մարզիկներին և քաջալերելով իրենց, ասաց՝ «Մեկնելով ձեր մրցաշարքի անունից՝ «Օմիդ» (Յոյս), կուզեմ անդրադառնալ Լևոն Բաշալեանի «Ելդզ Քէօշքէն Երևան» պատմածքին, որում կը խօսի «Յոյս»-ի մասին: նա մեկնաբանում է, թէ այս 4 տառերով բառը, ժողովրդի և երկրների զօրութեան աղբիւր է: Յոյսը գաղափարական մարդու համար ներշնչման, զօրութեան աղբիւր է: Ահաւասիկ մեր «Յոյս» խումբն այդ գեղեցիկ զգացումը փոխանցեց մեզանից իւրաքանչիւրին, հպարտութեան, զօրութեան և դրանց արդիւնքը եղող յաղթանակի ապրումը»:

Սրբազան Հայրն իր հայրական խրատն տալով մարզիկներին, ասաց. «Երբ որևէ մէկը մի բարձր բան է նւաճում, դրա կողքին նաև պէտք է ունենայ բարոյական և հոգեկան գիտակցութիւն: Դուք նւաճեցիք մեզ համար աներևակայելին: Երբ խաղի մէջ էք, ամէն մարդ ձեզ կը նայի որպէս հայ երիտասարդ և իմ ու մեր բոլորի փափագն է, որ դուք այդ ձեր մարզանքի բարձրութեան կողքին նաև ձեր հայի արժանապատւութիւնը, պատիւը, տնից, «Արարատ»-ից ու եկեղեցուց ստացած ձեր դաստիարակութիւնը բարձր պահէք, որպէսզի մենք ձեզնով ուրախանանք և մեր ուրախութիւնն ամբողջական լինի»: «Դուք պիտի մնաք մեր մեծատառ Յոյսը: Այն յոյսը, որ անկարելին կարելիի կը վերածէ, այն յոյսը, որ ձեր առջև պատնեշւած ամէն տեսակ խոչընդոտ մի կողմ կը նետէ: Այն յոյսը, որ կը լինի նաև ուրախութեան աղբիւրը բոլորիս» եզրակացրեց Սրբազան Հայրը:

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ և յատուկ այս առիթով պատրաստւած գնահատագրեր բաշխւեցին մարզիկներին, իրենց մարզիչներին և «Արարատ»-ի մարզական պատասխանատուներին: