Հոգեհանգստեան Արարողութիւն Արցախի ազատագրական պայքարում զոհաւած Հայորդիների հոգիների Խաղաղութեան համար

Ուրբաթ, մարտի 2-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Արցախի ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների հոգիների խաղաղութեան:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Ս. պատարագին նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Հոգեհանգիստից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ Ղարաբաղի ժողովրդի հաւատարմութեան և յանձնառութեան իր հայրենիքի նկատմամբ։ «Ղարաբաղցին իր անկախութիւնը կերտեց մեծ գին վճարելով», ասաց Սրբազան հայրը, «Այսօր էլ նաեւ պայքարում է այդ նւիրական հողի պաշտպանութեան և պահպանութեան ի խնդիր»: Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը շեշտեց, որ մեծ ձեռքբերումներն ու նւաճումները պայմանաւորւած են նոյնքան մեծ զոհողութիւններով ու իրական հայրենասէրը նա է, որ անսակարկ նւիրումով թև ու թիկունք է կանգնում իր հայրենիքը պաշտպանող հայ զինւորին, հայկական բանակին։

Պատարագի ու հոգեհանգստեան արարողութեան ներկայ էին Կրօնական, Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կենտրոնական Վարչութեան Իրանահայութեան ներկայացուցիչն ու Ալիք Հաստատութեան պատասխանատուները։