ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

Երեքշաբթի 27 փետրւար 2018-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանում գործող Եկեղեցասէր Կանանց, Հայ Կին Միութեան եւ նրան կից միութիւնների, ինչպէս նաեւ Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան եւ Հ.Բ.Ը.Մ-եան կանանց մասնաճիւղի անդամներին։

Հանդիպման ներկայ էին Թեհրանի Եկեղեցասիրաց Կանանց Միութեան, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցասէր Կանանց Միութեան, Հայ Կին Միութեան եւ նրան կից Արմենուհի եւ Անահիտ Միութիւնների, Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան եւ Հ.Բ.Ը. Միութեան կանանց մասնաճիւղի անդամները։ Ներկայ էին նաեւ Թեմական Խորհրդի յիշեալ միութիւնների կապը տիկին Արմինէ Սէթխանեանն ու Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տիկին Շաքէ Եղիայեանը։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց բոլորին, գնահատեց նրանց հրաւէրին ընդառաջ լինելու համար եւ ասաց որ ՛՛ Սա երկրորդ հանդիպումն է ձեզ հետ, սիրելի քոյրեր, մեր առաջին հանդիպման խօսել էի նման հանդիպումների կարեւորութեան եւ այժմէականութեան մասին, շեշտելով միութիւնների համատեղ աշխատելու եւ գործելու անհրաժեշտութիւնը՛՛։ Այնուհետ Սրբազան հայրը բացատրեց այսօրւայ հանդիպումի հիմնական նպատակը։ Աւելի քան 48 տարի է ինչ քրիստոնեայ աշխարհում նշւում է Համաշխարհային Կանանց Աղօթքի օր, իւրաքանչիւր տարւայ մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը։ Նման պահերի կազմակերպումը հաւատացեալներին մղում է աւելիով մտածելու, խորհելու իրենց կրօնական պարտականութեանց ու պարտաւորութեանց մասին հանդէպ եկեղեցու եւ եկեղացական համայնքի, որին պատկանում են։

Մեկնելով աղօթքի կերպարանափոխիչ ու զօրացնող ոգուց եւ ինչու չէ նաեւ ուժից որոշւեց կազմակերպել նման Աղօթքի օր, յառաջիկայ երկուշաբթի 5 մարտ 2018-ի առաւօտեան ժամը 9-11 Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Աղօթքի պահը ընդգրկելու է Արեւագալի ժամերգութիւն, Սրբազան հօր խորհրդածութիւն, սրտաբուխ աղօթքներ եւ փորձառութեան փոխանակում։

Վերոյիշեալ բացատրութիւնները տալուց յետոյ առաջնորդ Սրբազան հայրը ներկաներին յիշեցրեց, որ ներկայ տարին հարիւրամեակն է Հայոց պետականութեան հիմնադրման եւ 30-ամեակը Արցախի ազատագրական պայքարի։ ՛՛ Երկու այս ամեակների կերտման մէջ հայ կինը ունեցած է իր վճռական եւ փրկարար դերը ՛՛ ասաց Սրբազան հայրը, ՛՛ հետեւաբար որպէս կանացի միութիւններ կոչւած էք մեծ պատասխանատւութեամբ ու յանձնառութեամբ ձեր ուղղակի եւ անուղղակի մասնակցութիւնը բերելու այս երկու ամեակներին նւիրւած տօնակատարութիւններին ՛՛ եզրակացրեց Սրբազան հայրը։

Հանդիպման երկրորդ մասում խօսւեց առկայ դժւարութիւնների, անդամների նւազեցման եւ այլ դժւարութիւնների մասին։

Հանդիպումը աւարտւեց նոր հեռանկարներով ու տեսիլքով գործը շարունակելու վճռականութեամբ։