Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում, երեքշաբթի փետրւարի 13-ի երեկոյեան, Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների ու հաւաքականութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ:

Միջոցառմանը ներկայ էին Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար՝ Սէյէդ Աբբաս Սալեհին, քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հարցով հանր. նախագահի յատուկ տեղակալ՝ Շահինդոխթ Մոլավերդին, պետական պաշտօնատարներ, Թեմական Խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ քահանայ հայրեր:

Միջոցառման սկզբում հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Ջաւադին, ով կարեւորեց նման հանդիպումների անհրաժեշտութիւնը, երկխօսութիւնների ընդլայնման համար:

Իրաւաբան Յովիկ Բեհբուն իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներին, իրաւական դիտանկիւնից:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանն իր ելոյթի ընթացքում կարեւորեց նման հանդիպումները, որը արտացոլում է Իրանի համայն ժողովրդի միասնականութիւնը: Նա ընդգծեց հետեւեալը, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնները, որպէս Իրանի վեհ ժողովրդի անբաժանելի մասը, ոչ միայն յեղափոխութեան յաղթանակի, այլ նաեւ պարտադրեալ պատերազմի տարիներին եւս ապացուցեցին իրենց սէրը հանդէպ Իրանին եւ չխնայեցին ոչինչ այդ ուղղութեամբ:

Հրաւիրւեցին արտայայտւելու ասորիների եւ զրադաշտների հոգեւոր առաջնորդները եւ Իրանում կրօնների եւ կրօնական ուղղութիւնների համալսարանի ռեկտոր դոկտ. Նաւաբը, ով կարեւորեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերը՝ երկրի ազգային անվտանգութիւնը հզօրացնելու առումով:

Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հարցով հանր. նախագահի յատուկ օգնական տկն. Մոլավերդին, ով ընդգծեց-անհրաժեշտ է ջանքեր ի գործ դնել առաւելագոյնի հասցնելու ընդհանրութիւնները եւ նւազագոյնի իջեցնելու տարաձայնութիւնները, որը կը յանգեցնի միասնականութեան:

Վերջում հրաւիրւեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար դոկտ. Սալեհին: Նա նշեց. «8-ամեայ սրբազան պաշտպանութեան տարիներին, լաւապէս արտացոլւեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների միասնականութիւնը»: Նա աւելացրեց. «Երբ Իրանը սպառնալիքի դիմաց է կանգնում, Իրանում բոլորը առանց խտրականութեան, միմեանց կողքի կանգնած՝ պաշտպանում են Իրանը»:

Դոկտ. Սալեհին աւելացրեց. «Այսօր համատեղ խնդիրների դիմաց ենք կանգնած եւ երկխօսութեամբ անհրաժեշտ է ելքեր գտնել այդ խնդիրների կարգաւորման համար»:

Միջոցառումը յագեցած էր նաեւ գեղարւեստական կատարումներով եւ ընդունելութեամբ:

Լուրը քաղւած է «Ալիք» օրաթերթից