Դպրոցաշէն բարերարների մեծարման ծրագիր՝ «Արաքս» դպրոցում

Դպրոցաշէն բարերարների մեծարման առիթով մէկ շաբաթեակ է նշւում համայն Իրանում:

Նոյն հանգամանքից ելնելով, շաբաթ, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց ազգ. «Արաքս» աղջ. տարրական դպրոցում կազմակերպւել էր իւրայատուկ մեծարման հանդիսութիւն:

Նախ դպրոցի աշակերտները դասարան առ դասարան puzzle-ների կտորներ իրար միացնելով, դպրոցի շէնքի նկարը փակցրեցին պատին և ապա բացականչեցին՝ «Մենք էլ կարող ենք դպրոց կառուցել»:

Ծրագրին մասնակցեցին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեան եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը և մի շարք բարերարներ:

Մասնակցեցին նաև Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան եւ ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի պատասխանատուները, այդ թւում նաև Դպրոցաշէն բարերարների կենտրոնի տնօրէնը:

Ծրագրի գեղարւեստական բաժինն սկսւեց Տէրունական Աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, որը կատարեց դպրոցի երգչախմբը, ղեկավարութեամբ՝ Մեղեդի Եղնազարեանի:

Դպրոցի տեցչուհի՝ տկն. Անի Մանուկեանի արտայայտութիւնից յետոյ, երգչախումբը հանդէս եկաւ 3 հայերէն և պարսկերէն շատ գեղեցիկ կատարումներով:  Աշակերտուհի՝ Մինէ Քէշիշեանը ընթերցեց օրւայ առիթով պատրաստւած մի յոդւած: Ապա ցուցադրւեց տեսաֆիլմ դպրոցի պատմական տւեալների մասին:

Ապա բեմ հրաւիրւեցին, հերթաբար՝ ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի դպրոցաշէն բարերարների կենտրոնի պատասխանատու՝ պրն. Ալիռեզա Ալի Աքբարին և ապա՝ դոկտ. Կարէն Խանլարեանը: Դոկտ. Խանլարեանն իր խօսակցութեան ընթացքին, շեշտելով հայերի և իրանցիների հազարաւոր տարիների պատմական-մշակութային կապի մասին, նշեց՝ «Դպրոցի անունը, որը վերցւած է Արաքս կամ Արազ կամ Արաս գետի անունից, ինքնին ամենալաւ սիմւոլիկ անունն է՝ այս հազարաւոր տարւայ կապի համար»:

Պրն. Մահմուդ Հոսէյնի, Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան պատասխանատուի արտայայտութիւնից յետոյ, յուշանւէր, որը պատրաստւել էր բոլոր թեհրանահայութեան բարերարների համար, որպէս սիմւոլ յանձնւեց Թ. Հ. Թեմի  Առաջնորդին:

Ապա բեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը, օրւայ առիթով իր հայրական խօսքը ուղղելու ներկաներին:

Ծրագիրը վարում էր Արտոյտ Զոհրաբեանը: