«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի աշակերտների այցը՝ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» թանգարան

Հինգշաբթի, դեկտեմբերի 14-ի առաւօտեան հայոց ազգային «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի աշակերտները այցելեցին Իրանի ազգային մարդագիտութեան եւ պատմութեան թանգարան:

Այս օրերին Իրանի մարդագիտութեան թանգարանում, բացի մշտական  ցուցադրութիւններից գործում  է  ժամանակաւոր  ցուցահանդէսների  ցուցասրահ, որտեղ  պարբերաբար  կազմակերպւում  են  թեմատիկ  միջոցառումներ  եւ  ժամանակաւոր ցուցադրութիւններ, խօսքն՝ «Հայաստան-Իրան. Հողի յիշողութիւն» թեմատիկ ցուցադրութեան մասին է, որի նպատակն է համատեղ վեր հանել երկու ժողովրդների մշակութային եւ հոգեւոր արժէքները, ինչի ցուցադրումը կը նպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը եւ կընդլայնի եւ հայ եւ իրանցի ժողովուրդների ճանաչողութեան մակարդակը:

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի աշակերտներն էլ այսօր իրենց ուսուցիչների հետ միասին շրջեցին թանգարանի չորս ցուցասրահներում, ծանօթացան Իրանի եւ Հայաստանի համատեղ պատմութեանը, թանգարանային ժառամգութեանը, եւ ցուցադրւած շուրջ 300 համաժամանակեայ  նմուշներին:

Անդրադառնալով այցին, դպրոցի ուսուցիչները համոզմունք յայտնեցին, որ իրենց աշակերտների այցը  հայ եւ իրանցի ժողովրդների բարեկամութիւնն արտացոլող ցուցահանդէս, նոր սերունդի մօտ էլ աւելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամական կապը:

Յիշեցնենք որ, հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը: Ցուցահանդէսում, առաջին անգամ ցուցադրւում է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք. ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք. ա. առաջին դար) 303 նմուշ, որը շարունակւելու է մինչեւ 2018 թւականի յունւարի 17-ը:

Լուրը քաղւած է «Ալիք»-ի կայքէջից