«Աւերս» Ճարտարագիտական Կենտրոնի Զեկոյցը «Դուլաբ» Գերեզմանատնում կատարւելիք աշխատանքների մասին

«Աւերս» ճարտարագիտական ու քաղաքաշինութեան խորհրդատւական ճարտարագէտների խումբը նաև Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքային վերակառուցման կազմակերպութեան ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների, չորեքշաբթի նոյեմբերի 22-ին այցելել են Դուլաբի գերեզմանատունը:

Ներկայացւած զեկոյցների համաձայն, արդէն աւելի քան մէկ ու կէս տարի է ինչ  կողմերը համատեղ աշխատանք են ծաւալում և բազմաթիւ այցերով եղել են Դուլաբում, որի հիմնական նպատակն է այդ գերեզմանատան իւրայատկութիւնների  և պատմական արժէքների ծանօթացնելը պատկան կազմակերպութիւններին, որով հնարաւոր լինի վայրի վերանորոգման համար անհրաժեշտ բիւդջէն ապահովել և այն գրանցել Թեհրանի մշակութային ժառանգութիւնների ցանկում: Կատարւած աշխատանքները կարելի է դասակարգել երեք մակարդակում՝

Ա – գիտահետազօտական աշխատանքներ և փաստահաւաք, որի ընթացքում ի յայտ է գալիս գերեզմանատան պատմական տւեալները:

Բ – վերանորոգման և կառուցողական աշխատանքներ, որոնք կատարւում են Դուլաբը ոչնչացումից և աւերւելուց փրկելու նպատակով

Գ – ընդհանուր և տևական վերանորագչական աշխատանքներ, որը համապարփակ նախագիծ է ներկայացնում գերեզմանատունը վերանորոգելու նպատակով և ինքնին երեք գլուխների տակ է պարփակւում:

Առաջին փուլը իրականանում է Թեհրանի քաղաքապետարանի վերանորոգման կազմակերպութեան հովանաւորութամբ և գիտահետազօտական բնոյթ ուն:

Երկրորդ փուլը իրականանում է Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ տարածքի 2-րդ շրջանի կողմից, որոնցից հիմնականները մշակւել են գերեզմանատան խորհրդի և Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ համադրաբար, ըստ հետեւեալի՝  տարածքի ծառերի բարեկարգում, ջրոռոգում, չորացած տերևների և աղբերի մաքրագործում, նոր ծառերի տնկում: Այս քայլերի իրականացման նպատակով նիստեր են գումարւել նոյն բաժնի քաղաքապետարանի և պատկան պաշտօնատարների հետ: