Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայ գտնւեց Համալսարան Նորամուտ Ուսանողների Գնահատական Ձեռնարկին

Ուրբաթ, դեկտեմբերի 1-ի երեկոյեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամ Թեմական Խորհրդի երկու ատենապետների՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանի և Վարուժ Յովհաննիսեանի, ներկայ գտնւեց Հ.Մ. Սիփան Միութեան Ուսանողական Բաժանմունքի կողմից կազմակերպւած 2017-2018 տարեշրջանի համալսարան նորամուտ ուսանողների գնահատման ձեռնարկին:

Ներկայ էին նաև Իրանի Իսլամական Խորհրդարանում, հիւսիսային և հարաւային իրանահայութեան պատգամաւորները, դոկտ. Կարէն Խանլարեանը և պրն. Ժորժիկ Աբրահամեանը նաև միութենականներ:

Գեղարւեստական յայտագրի աւարտին ելոյթ ունեցաւ դոկտ. Կարէն Խանլարեանը, որից յետոյ բէմ հրաւիրւեց Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատանքները բաժանելու և օրւայ առիթով արտայայտւելու:

Սրբազան Հայրը գնահատեց Հ.Մ. Սիփան Միութեան Ուսանողական Բաժանմունքը իր այս նախաձեռնութեան համար և ապա ուսանողներին ուղղելով իր խօսքը յանձնարարեց, որ խորապէս ճանաչեն իրենց պատմութիւնը, կրօնն ու եկեղեցու պատմութիւնը, որպէսզի կարողանան քայլ պահել ժամանակի պահանջների հետ և դիմագրաւեն իրենց առջև ցցւող մարտահրաւէրները:

Սրբազան Հայրը, իր խօսքի մի այլ բաժնում մէջբերեց յոյն ժամանակակից գրողներից մէկի նշած պատմութիւնից մի հատւած, որտեղ ուսանողի յաջողութիւնն ու ձախողումը գրանցւում է որպէս պատկան համայնքի հպարտութեան կամ  յուսահատութեան առիթ: