Ս. Աստւածածին Եկեղեցու Անւանակոչութեան Տօն

Նոյեմբերի 21-ը տօն է «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»: 

Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն և կրօնական յատուկ  արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 և 21-ին:

Երկուշաբթի երեկոյեան, հսկումի արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, իսկ երեքշաբթի, 21 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ և Անմահ Պատարագը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Եկեղեցին ողողւել էր ուխտաւորներով և հաւատացեալ ժողովրդով, որոնք եկել էին վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն, նաև լսելու օրւայ պատգամը:

Իր խօսքերի սկզբում, Առաջնորդ Սրբազանը նախ բացատրեց տօնակատարութեան առիթը՝ «Քրիստոնէական եկեղեցին նոյեմբերի 21-ին մեծ հանդիսութեամբ, աղօթքով և պատարագի մատուցմամբ, տօնում է Ս. Աստւածածնի 3 տարեկանում տաճարին ընծայման օրը: Ծնողները նրան տաճար ընծայեցին, որպէսզի Աստծոյ ներկայութեամբ և օրհնութեամբ մեծանայ»: 

Իր քարոզի միւս բաժնում Առաջնորդ Սրբազանն աւելացրեց՝ «Փոքր տարիքից Տաճար ընծայւելով, Մարիամն իր ողջ էութեամբ՝ աչքերով, ականջներով, շնչով, ձեռքերով ..., Աստւածային էութեամբ և ճշմարտութեամբ շաղախւեց և դրա համար է, որ նա արժանացաւ Աստծոյ Մայր լինելու իրողութեան: Նա եղաւ փրկութեան տապան, որով մարդկութիւնը նոր ճանապարհի մէջ մտաւ: Եղաւ Լոյսի Տաճար և ճառագայթեց իր շրջապատում և ողջ մարդութեան կեանքում: Նա մայր է եկեղեցու և եկեղեցու անդամների, մայրական բարի և ամենահարազատ վաւերական իմաստով»:

Սրբազան Հայրն իր քարոզն աւարտելով ասաց՝ «Այս տօնը մեր իւրաքանչիւրի համար գեղեցկագոյն առիթ է, որ մենք մի պահ դիտենք Աստւածամօր պատկերը և փորձենք հաղորդւենք իր հաւատքով, յոյսով ու սիրով, իր նւիրումով, մայրական գորգուրանքով ու ժպիտով, որպէսզի մենք կարողանանք մեր կեանքն ապրել Աստծու կամքի համաձայն»:

Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդի միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն Հ. Կ. Բ. Եկեղեցասէր Միութեան սրահում: Ընդունելութեան հրաւիրւած էին Առաջնորդ Սրբազան հայրն ու Առաջնորդական Փոխանորդ Սրբազան հայրը, քահանայ հայրերը, միւս եկեղեցիների եկեղեցական խորհրդների և դպրաց դասի անդամները, ազգային մարմինների անդամներից և պատարագին մասնակցող արտասահմանեան հիւրերը: 

Գեղարւեստական յայտագրով յագեցւած էր հիւրասիրութիւնը: Յայտագրի վերջում օրւայ տօնի առիթով արտայայտւեց Սրբազան հայրը և գնահատելով կազմակերպողներին և Ս. Աստւածածին Եկեղեցու եկեղեցական խորհրդին: