ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Իրանի քաղաքամշակութային դիւանագիտութիւնը արտացոլող Իրանի դեսպանատների մշակութային կցորդները, երկուշաբթի, նոյեմբերի 13-ին այցելեցին Թեհրանի ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը, փոխատենապետը եւ քահանայ հայրեր: Սկզբում թեմակալ առաջնորդը իրանահայ, եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի մասին, բացատրութիւններ փոխանցեց: 

Թեմակալ առաջնորդը գնահատեց իրանահայութեան նկատմամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան դրսեւորած վերաբերմունքը, եւ կարեւորեց իսլամ-քրիստոնեայ խաղաղ գոյակցութիւնը, որի լաւագոյն օրինակը համարեց Իրանը:

Թեմակալ առաջնորդը անդրադառնալով հանդիպման նպատակին, ընդգծեց, քանի որ հանդիպմանը մասնակից կցորդները ցանկութիւն ունէին ծանօթանալ իրանահայ համայնքին եւ այսպիսով կապ ստեղծել իրենց երկրներում հայկական համայնքների հետ, ուստի կազմակերպւել է նման հանդիպում:

Սրբազան Հայրը ներկաներին բացատրեց քրիստոնէական եկեղեցու ներկայ վիճակն ու ընտանիքները՝ Ուղղափառ Արևելեան և Ուղղափառ Արևելեան Յունական ծէսի հետևող, Կաթոլիկ և Աւետարանական եկեղեցիների, նաև Արևելքի Ասորի ու Անկլիքան եկեղեցիների մասին:

Մշակութային կցորդներին ընկերակցում էին Իսլ. մշակոյթի ու կապի կազմակերպութեան ներկայացուցիչներ, որոնց անունից արտայայտւեց տկն. Ռաշիդբէյգին: 

Ընթացքում մշակութային կցորդները ևս ընդգծեցին, որ այս հանդիպման մասին կը փոխանցեն ամենուր: