ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Հինգշաբթի 26 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռումինիայի դեսպան պրն. Ադրիան Քազչասքիին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն։ Այնուհետ Սրբազան հայրը որոշ բացատրութիւններ տւեց պրն. դեսպանին իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ համայնքի անցեալի եւ ներկայի մասին։

Զրոյցի ընթացքին խօսւեց նաեւ Ռումինիայի հայկական համայնքի անցեալի եւ ներկայի մասին. յայտնենք որ ժամանակին մեծ համայնք ենք ունեցել Ռումինիայում եւ այսօր տարբեր քաղաքներում ունենք անցեալի համայնքի եկեղեցիները, դպրոցներն ու գերեզմանատները։ Սուչաւայում ունենք Սուչաւայի Աստւածածնայ վանքն ու Ս. Խաչ վանքը, երկուսն էլ պատմական կոթողներ են, որոնք վկայ են հայկական գաղութի հարուստ անցեալին։