Այցելութիւն «Քահրիզաք» Բարեսիրական Կենտրոն

Թւականիս չորեքշաբթի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի «Քահրիզաք »  Բարեսիրական Կենտրոնի տնօրինութեան հրաւէրով, Թ.Հ. Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի «ԿՕՄ»-ի 7 անդամները, գլխաւորութեամբ Թեմիս Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և արժանապատիւ քահանահայրեր՝ Տ. Սահակ Խոսրովեանի ու Տ. Գրիգորիս Ներսիսեանի այցելեցին սոյն կենտրոն:

Հանդիպման սկզբում «Քահրիզաք»-ի տնօրէն՝ պրն. Սուֆինէժադը բարի գալուստ մաղթելով հիւրերին, յատուկ շեշտեց, որ պարծանք է իրենց համար Սրբազան հօր այցելութիւնը:

Պրն. Սուֆինէժադը շարունակելով, խօսեց «Քահրիզաք»-ի պատմականին և նշեց, որ այս կենտրոնի ստեղծման մտայղացումն առաջացել է հանգուցեալ իրանահայ բժիշկ՝ դոկտ. Արսէն Մինասեանի միջոցով, ով Գիլանում առաջին ծերանոցը կառուցեց, և որի արդիւնքում 1972 (1351) թւականին հիմնւեց «Քահրիզաք» Բարեսիրական Կենտրոնը: 

Այժմ «Քահրիզաք»-ն ունի 1790 մահճակալ և բաժանւած է 3 կենտրոնների՝ Ծերանոց, Մարմնա-մտային խանգարումներով և MS-ից տառապող բարդ իրավիճակի հիւանդների բաժին: Նա անդրադարձաւ նաև իրենց բարեսիրական կենտրոնի սկզբունքների ու նպատակների մասին:

Այնուհետև «ԿՕՄ»-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը կարևորելով նման հանդիպումները փոխյարաբերութիւնների սերտացման գործում, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար և  բացատրութիւններ տւեց «Կ.Օ.Մ.»-ի աշխատանքների մասին:

Ապա Սրբազան Հայրն իր օրհնութեան խօսքն ուղղելով կենտրոնի բնակիչներին ու աշխատողներին, դրւատանքի խօսքեր ասաց նրանց, կենտրոնում գտնւող հիւանդներին ցուցաբերած խնամքի համար: 

Ընդունելութեան աւարտին, բոլորը միասին այցելեցին կենտրոնի տարբեր բաժիններ, այդ թւում նաև այնտեղ բնակւող հայ ծերերին ու հիւանդներին:

Ապա տնօրինութեան կողմից գեղանկարչութիւններ նւիրւեցին Սրբազան Հօրը և միւս հիւրերին: Հարկ է նշել, որ դրանք նկարւել էին «Քահրիզաք»-ում բնակւող մի ձեռներից զուրկ երիտասարդի միջոցով, որոնք նկարել էր ոտքով: