Բազմաթիւ ժպիտներ, ծաղիկներ եւ գոյնզգոյն փուչիկներ. «Էլպիս Ֆերահեան»-ում

Թւականիս, շաբաթ սեպտեմբերի 23-ին, Իրանում գործող բոլոր դպրոցներում բազմամարդ եւ տօնական տրամադրութիւն էր տիրում: Միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, նշում էին 2017-2018 թւականի ուսումնական տարւայ առաջին զանգը:

Առաջին զանգ, առաջին քայլեր`դէպի գիտելիքի անսահման աշխարհ, այդ թւում նաեւ յոյզեր`աշակերտական նստարանին. սրանք գուցէ մանկութիւնից պատանեկութիւն գնացող ճանապարհի ամենաքաղցր յուշերն են:

Օրը կրկնակի անմոռանալի ու յուզումնախառն է նաեւ այն ծնողների համար, որոնք իրենց զաւակներին առաջին անգամ մանկապարտէզ են տանում:

Հայոց ազգ. «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի համար շաբաթ իւրովի օր էր, կրկնակի տօն. մանկապարտէզը թեւակոխում է իր հիմնադրման 75-ամեակը:

Բազմաթիւ ժպիտներ, ծաղիկներ եւ գոյնզգոյն փուչիկներ այս ամէնը, այդ օրը կարելի էր տեսնել «Էլպիս Ֆերահեան»-ի բակում:

Մանկապարտէզի առաջին զանգի արարողութեանը ներկայ էին Թ. Հ. թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ուսուցչուհիներ եւ ծնողներ:

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ մանկապարտէզի տեսչուհի Այրինա Նորաւեանը, որում անդրադարձաւ մանկապարտէզի դերին ու կարեւորութեանը՝ իրանահայ կեանքում:

«75 տարի առաջ ինչպէս հիմա, ձեր նման բալիկներ՝ անմեղ ու երեւի մի քիչ մտահոգ հայեացքներով իրենց ծնողների ընկերակցութեամբ ներկայ գտնւեցին «Քուշեշ» մանկապատէզի հիմնադրման առաջին զանգի արարողութեանը. այդ աշակերտ-ուհիներից ոմանք կարելի է այսօր այստեղ ներկայ լինեն, որպէս տատիկ կամ պապիկ. նոյն կրթօջախի 75-րդ առաջին զանգի արարողութեանը»,- նշեց նա՝ յաւելելով. «Մենք այսօր պարծենում ենք, որ մեր առաջնորդ Սրբազան Հայրերի ու հոգեւորականների, ազգային իշխանութեան պատկան մարմինների, հոգաբարձութեան կազմերի, ծնողական խորհուրդների, բարերարների, գիտակից ծնողների, հոգատար ուսուցչուհիների ու պաշտօնեաների համատեղ ջանքերի շնորհիւ 75 տարի շարունակ կանգուն է մնացել «Ֆերահեան» ազգային մանկապարտէզի սիւները, որտեղ սերունդները վերցնում են իրենց հասարակական առաջին քայլերը»:

Միջոցառումը յագեցած էր պարային կատարումներով, որտեղ ելոյթ ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի սաները:

Իր ելոյթում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ողջունելով «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզի 75 ամեայ երթն ասաց. «75 տարիներ շարունակ «Էլպիս Ֆերահեան»-ի երկնքի ներքեւ հնչեցին հայոց տառեր եւ այսօր մեզ է հասել, որպէսզի պահենք ու պահպանենք մանկապարտէզը»:

Սրբազան Հայրը, շարունակելով իր խօսքը նշեց. «Շատ ուրախ եմ երբ ձեր ժպիտներն եմ տեսնում: Մենք մեր մանուկների համար ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի հայոց դպրոցները կանգուն լինեն, եւ մեր զաւակները յաճախեն հայկական կրթօջախ»:

«Ես ձեզ վստահեցնում եմ սիրելիներ, որ հայկական դպրոցների գիտութեան մակարդակը գտնւում է շատ լաւ վիճակում, սակայն դժբախտաբար մեր մէջ բոյն է դրել օտարամոլութիւնը՝ ինչ որ օտարինն է, ասում ենք լաւն է»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ գնահատելով հայկական դպրոցների կրթութեան մակարդակը եւ կարեւորելով հայկական կրթօջախները:

Միջոցառման ժամանակ փոքրիկները երաժշտութեան տակ անհոգ թռչկոտում-ուրախանում էին:

Վերջում, Սրբազան Հայրը մօտենալով դպրոցի զանգին հնչեցրեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի 2017-2018 թւականի առաջին զանգը:

Քաղւած «Ալիք»-ի կայքէջից