ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՄԻՋՆԱԿԱՐԳԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխ-տեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ տեսնում էք միմեանց իբրեւ մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սորվելու, զրուցելու եւ խաղալու։

Այո՛, սիրելիներ ասացի ուրախութեամբ, իրօք ուրախ եմ եւ երջանիկ երբ պատկերացնում եմ ձեզ հայ դպրոցում, որտեղ եկել էք, իբրեւ հաւատարիմ զաւակներ մեր եկեղեցու, սորվելու ձեր մայրենի լեզուն, ճանաչելու ձեր կրօնն ու պատմութիւնը։ Շատ ապրէք։

Ասացի հպարտութեամբ եմ ողջունում ձեզ. այո՛, հպարտ եմ ձեզանով, որովհետեւ ձեզանից իւրաքանչիւրի մէջ տեսնում եմ ապագայ հաւատաւոր ու հաւատարիմ երիտասարդին ու երիտասարդուհին, ապագայ ծնողը, դատապաշտպանը իր հոգեւոր եւ ազգային արժէքներին եւ գոհունակութեամբ Աստծուն փառք եմ տալիս ձեզ համար։

Յաճախ ձեզ հանդիպելիս ասել եմ, որ հայ դպրոցը հայ աշակերտի տունն է, որտեղ նա մտնում է իբրեւ տանտէր հարազատ եւ որտեղ ստանում է սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն։

Մարդու կեանքում հպարտութիւնը ծնւում է իր պատմութիւնը ճանաչելուց, իր լեզուն ու հաւատքը ապրելուց, այլ խօսքով երբ ճանաչում է իր հայրերի կեանքը, տեղեակ է լինում նրանց մեծ գործերին, կարդում է իր ազգի հերոսների, գրողների, փիլիսոփաների, եկեղեցական մեծ հայրերի, ճարտարագէտների, մեծ բժիշկների կեանքի դրւագները եւ նրանցով հպարտանում, ինչու չէ նաեւ ուրախանում, եւ փառք Աստծու, որ մեր ժողովուրդը բազմաթիւ օրինակելի դէմքեր ունի, որոնք նաեւ միջազգային գրականութեան, արւեստի եւ այլ բնագաւառներում իրենց յատուկ տեղը ունեն։

Մի ժողովուրդի պատմութիւնը ուղեցոյց է եւ ճշմարիտ ճանապարհ, որից ընթանալով մարդ հաւատարիմ է մնում իր ազգին ու հայրենիքին։ 

Մեր հայրերը անցեալում ապրեցին կատարելով Աստծու պատւէրները եւ դրանով արժանացան Աստծու օրհնութեան։ Դաւիթ մարգարէն ասում է.-

«Երանի այն մարդուն, որ Տիրոջ երկիւղն ունի

Եւ մեծ հաճոյքով նրա պատւէրներն է կատարում։

Այդպիսի մարդու սերունդը 

Երկրի վրայ զօրաւոր պիտի լինի

Ուղիղ վարքով ապրող մարդկանց զաւակները պիտի օրհնւեն»։ (Սղ. 112.1-2)

Սիրելի աշակերտներ, ահա հայ դպրոցը իր էութեամբ կոչւած է ձեր մէջ առաւել եւս աճեցնել սէր եւ յանձնառութիւն ձեր մայրենի լեզւի, կրօնի, պատմութեան եւ ընդհանրապէս գիտութեան հանդէպ. ճշմարիտ գիտութեամբ, իր ազգի հոգեւոր եւ ազգային արժէքներով զինւած ու պատրաստւած անձը, աշակերտը միայն կը կարողանայ տէր եւ պաշտպան լինել նաեւ ազգային ու մարդկային արժէքներին։ 

Հետեւաբար իմ թելադրանքն է ձեզ, որ դպրոցում ձեր ամէն մի պահը, մի ժամը, մի րոպէն օգտագործէք. Պօղոս առաքեալը ասում է «Քանի ժամանակը մեր ձեռքում է, բարին գործենք»։ Մեզ համար, մեր կեանքի այս հանգրւանին կարեւորը բարի, լաւ, օրինակելի, ճշմարտախօս, աշխատասէր ու յանձնառու աշակերտ լինելն է։ Ջանացէք ձեր ունեցած գիտութիւնը աւելացնել եւ վստահ եղէք, որ Աստւած աւելիով տալու է ձեզ։

Այս առիթով աղօթում եմ, որ Աստւած խաղաղութիւն պարգեւի ամբողջ աշխարհին բայց յատկապէս մեր սիրելի Իրանին, որպէսզի խաղաղութեամբ սկսւած մեր դպրոցական տարեշրջանը առաւել խաղաղութեամբ ընթանայ։

Այս խոհերով, կրկին անգամ, ողջունում եմ ձեզ սիրելիներ, շնորհաւորում եմ բոլորիդ սկսւող 2017-2018 դպրոցական տարեշրջանի վերամուտի առիթով եւ աղօթում միանգամայն, որ ձեր ուսումնական այս տարին լինի արդիւնաշատ ու բազմաբեղուն։ Աղօթում եմ, որ Աստւած ձեզ ու ձեր բոլոր պատասխանատուներին՝ տեսուչ, փոխ-տեսուչ, ուսուցիչ եւ ծնող շնորհի կատարեալ առողջութիւն, անփորձանք կեանք եւ առաւել պայծառամտութիւն ու համբերութիւն։

Աստւածային օրհնութիւն բոլորիդ։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ.ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2017     

Թեհրան