Սրբազան Հօր Պատգամը Տարրական Դպրոցի աշակերտ-աշակերտուհիներին

Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ։

Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս իբրեւ հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է։

Վերամուտի այս առաջին պահերին ողջունելով ձեզ, ասում եմ, որ դուք շատ բախտաւոր էք, որ հայ դպրոց էք յաճախում, որովհետեւ հայ դպրոցը լաւ աշակերտի երկրորդ տունն է։ Մաղթում եմ, որ ձեր ուսումնառութեան բոլոր տարիները անցկացնէք հայ դպրոցում։

Հայ դպրոցը բոլորիս համար այն վայրն է, որտեղ մենք կապի մէջ ենք լինում մեր անցեալի հետ մեր լեզւի, կրօնի եւ պատմութեան ճանաչումով. հետեւաբար իմ փափագն ու թելադրանքը սիրելիներ այն է, որ ամբողջական սիրով ու նւիրումով սովորէք ձեր բոլոր դասերը բայց յատկապէս ձեր լեզուն, կրօնն ու պատմութիւնը։

 Դաւիթ մարգարէն ասում է.-

« Ո՛վ Տէր, քե՛զ ապաւինեցի. թող բնաւ ամօթով չմնամ։

Արդար ես դու, ազատի՛ր ինձ։

Դու ես իմ ապաւէնն ու ամրոցը,

Դու ինքդ առաջնորդիր ինձ ու պաշտպանի՛ր,

Որպէսզի քո անունը փառաւորւի»։ (Սղ. 31.1-3)

Այ՛ո սիրելի փոքրիկներ, այնպէս ինչպէս մեր ծնողները սիրում ու տիրութիւն են անում մեզ, այնպէս էլ Աստւած սիրում եւ առաջնորդում է մեզ, երբ մենք լսենք իր ձայնը, երբ կարդանք իր խօսքերը, քանի որ իր խօսքերը լոյս են տալիս եւ լուսաւորում մեր ճանապարհը. « Խօսքդ ճրագ է քայլերիս, լուսաւորող՝ ճամփաներիս » ասում է Դաւիթ մարգարէն։

Աստծու խօսքով զօրացած երբ սովորենք մեր դասերը, լսենք մեր ծնողների եւ ուսուցիչների, տեսուչի եւ փոխ-տեսուչի խրատներն ու թելադրութիւնները վստահ եղէք, որ մենք կը լինենք յաջող ու աշխատասէր աշակերտ-աշակերտուհիներ։

Կրկին անգամ ողջունում եմ ձեզ բոլորդ, շնորհաւորում ձեզ դպրոցական վերամուտի առիթով եւ մաղթում ու աղօթում, որ այս տարին ձեզ համար լինի առաւել յաջողութեան եւ յարատեւ աշխատանքի տարի։

Աստւած օրհնի ձեզ, ձեր դպրոցը, ծնողներն ու դպրոցի ողջ աշխատակազմը։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2017, Թեհրան