Հոգեհանգստեան Արարողութիւն Ազգիս երկու բարարարների համար

Սոյն թւականի կիրակի, նոյեմբերի 29-ին առաւօտեան առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւող սուրբ և անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի Տէր հանգուցեալ ազգային բարերարներ՝ Թերեզիկ Մասեհեանի և Սուրէն Պանիրեանի հոգիների խաղաղութեան համար:  Կրօնական արարողութեանց նախագահեց և այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Քարոզի սկզբում, Սրբազան Հայրը ընթերցեց Ղուկասի Աւետարանից մի բաժին, որտեղ նշեց նաև Քրիստոսի թզենու առակի մասին, շեշտելով՝ «Թզենու առակով, Քրիստոս մեզ սովորեցնում է՝ ներկայացած պատէհ առիթներից լաւագոյն օգտւելու իմաստութիւնն ունենալ:  Դժբախտաբար, քիչ է պատահում, որ մենք այդ առիթներից օգտւելու իմաստութիւնն ունենում ենք, ուրեմն զրկւում ենք այդ առթիւ մեզ ընծայւած շնորքից»:

Միւս բաժնում, Սրբազան Հայրն աւելացրեց՝ «3 բան երբ ձեռքից տաս, չես կարող վերադարձնես, առաջինն առիթն է, որ ներկայանում է քեզ և չես օգտագործում:  Երկրորդը՝ բերնից ելած խօսքն է, որ երբ դուրս է գալիս, յետ չես կարող բերել:  Իսկ երրորդը՝ ժամանակն է, երբ դա տրւած է քեզ բարին գործելու համար և դա ձեռքից տալիս ես, չես կարող դրան յետ բերել:  Աւետարանակը ճշմարտութիւնը մեզ թելադրում է, որ մեր առջև ներկայացւած պատէհ առիթները լաւագոյն կերպով օգտագործենք Աստծոյ փառքի համար»:

Սրբազան Հայրը, նշելով նոյն օրւայ երկու ազգային բարերարների հոգեհանգստեան արարողութեան մասին, աւելացրեց՝ «Այսօր երկու մեր ազգայինների մահւան տարելիցի առիթով, նրանց հոգիների հանգստութեան համար, արարողութիւն ենք կատարելու: Ամէն տարի Մայիս ամսում նաև հոգեհանգստեան արարողութիւն ենք կատարում ազգի բոլոր այն բարերարների համար, որոնք ինչ որ բանով իրենց նպաստը բերել են մեր գաղութին, եկեղեցուն և ազգին:  Նրանց անունը կայ, որովհետև Աւետարանական հասկացողութեամբ իրենց առաջ ներկայացած առիթը լաւագոյն կերպով օգտագործեցին Աստծոյ բարիքի համար»: