Յատուկ Աղօթք՝ Ուկրաինայի խաղաղութեան համար

Թւականիս ուրբաթ օգոստոսի 25-ի առաւօտեան, յընթացս սուրբ և անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան և ժողովրդի բարօրութեան համար աղօթք:

Վաղ առաւօտեան Ուկրայինայի դեսպանը և դեսպանատան անձնակազմը ներկայ գտնւեցին Ս. Պատարագին: Պատարագի ընթացքին քարոզի պահին, Սրբազան Հայրը բնաբան ունենալով Յովհաննէսի Աւետարանի 14:27 խաղաղութեան մասին Յիսուս Քրիստոսի խօսքերը, բացատրեց խաղաղութեան և հանգստութեան կարևորութիւնը երկրների կեանքում ու ասաց՝ «Խաղաղութիւնը որևէ երկրի և պետութեան առաջնահերթ կարևորութիւններից է, որ ցաւօք այսօր բացակայում է աշխարհի շատ երկրներից և դա պետութիւնների փոխադարձ հասկացութեան պակասի հետևանքն է, որի ընթացքում տուժում է անմեղ ժողովուրդը»:

Քարոզի մէջ Սրբազան Հայրն անդրադարձաւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Մշակոյթի ու Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի համատեղ կազմակերպւած խորհրդաժողովին, որի նպատակն էր խաղաղութեան և կրօնների երկխօսութեան հաստատումը միջին արևելքի երկրների մէջ, որը տեղի էր ունեցել 21-22 օգոստոսին մշակութային կապի կենտրոնատեղիում:

Քարոզի երկրորդ բաժնում Սրբազան Առաջնորը անգլերէն լեզւով ողջունեց դեսպանի և իր անձնակազմի ներկայութիւնը և աղօթեց համայն աշխարհի ու մանաւանդ Ուկրայինայի երկրի խաղաղութեան և բարօրութեան համար ու խաղաղութեան ճամբին իրենց կեանքը զոհած անձանց հոգիների հանգստութեան համար:

Յաւարտ Ս. պատարագի, Սրբազան Հայրը հիւրերին հիւրընկալեց Առաջնորդարանի դահլիճում և ունեցաւ մտերմիկ զրոյց դեսպանի հետ, որտեղ և ծանօթացրեց Թեհրանի հայ համայնքը իր հոգևոր և ազգային երեսներով:

Իր հերթին պրն. Դեսպանն էլ Սրբազան Հօրը նւիրեց Ուկրայինայի պատմութեան կապւող լուսանկարների ալբոմ և յատուկ շնորհակալութիւն յայտնեց հիւրասիրութեան համար: