Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդի Երկխօսութեան Յանձնախումբը Ազգային Առաջնորդարանում

Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդի Երկխօսութեան Յանձնախումբը, որի անդամներից է նաև Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, երկօրեայ երկխօսական ժողովի առիթով Թեհրան են գտնւում:

Կիրակի թւականիս օգոստոսի 20-ին, յանձնախմբի անդամներն այցելեցին Ազգային Առաջնորդարան և հանդիպեցին Առաջնորդ Սրբազան Հօր հետ:

Խմբին ուղեկցում էին Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին պրն. Մահդի Թասխիրիին, նոյն կենտրոնից տկն. Ռաշիդբէյգին և պարոնայք՝ Լոթֆին և Մոխթարեանը։

Հանդիպման ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Ա. ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, Բ. Ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի անդամ՝ տկն. Արմինէ Սէթխանեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը և քահանայ հայրերը:

Նախ Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին ապա խօսեց ընդհանրապէս հայ եկեղեցու պատմութեան և մասնաւորապէս Իրանում հայ համայնքի մասին, մատնանշելով, որ հայ գաղութն Իրանում շատ հին պատմութիւն ունի և մեծապէս սատարած է Իրանեան հայրենիքի մշակութային, ճարտարապետական և արւեստի կեանքի բարգաւաճման:

Ապա պրն. Թասխիրին շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը ջերմ ընդունելութեան համար և յայտնեց՝ «Սեպուհ Սրբազանը մեր կազմակերպութեան շատ սիրելի և մօտիկ անձնաւորութիւնն է»:

Այնուհետև խումբն այցելեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց հիւրերին, որոնք գոհունակ սրտով հրաժեշտ տւին և մեկնեցին: