Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Յարաբերական մարմինը մեծարեց լրագրողի օրը

Իրանում լրագրողի օրւայ (մորդադի 17) առիթով երեքշաբթի, օգոստոսի 8-ին, նախձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Յարաբերական մարմնի, կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում, Իրանի զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների համար: 

Երկու տասնեակից աւելի ներկայացուցիչներ, ընկերակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների, նախ այցելեցին Թեհրանի Ս. Թադէոս Բարթուղիմէոս, ապա Ս. Գէորգ եկեղեցիներ, ծանօթանալով եկեղեցիների պատմական տւեալներին եւ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գործող տարեցների կենտրոնում ծաւալւող աշխատանքներին: Եկեղեցիների պատմականի վերաբերեալ հիւրերին բացատրութիւն էր փոխանցում  յիշեալ եկեղեցիների խորհրդի նախկին ատենապետ Ալբերտ Իսրայէլեանը:

Կէսօրին արդէն հիւրերը Հ. Մ. «Արարատ» Կ.-ի  «Կոմիտաս» սրահում էին, ուր ներկաներին ողջոյնի խօսք ասաց Յարաբերական մարմնի ատենապետ Արթին Բաբայեանսը: Ապա Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը համապարփակ բացատրութիւն փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի պատմական տւեալների, ներկայ կարգավիճակի եւ կազմակերպութեան մարզամշակութային միութիւնների աշխատանքների եւ կարեւորեց լրագրողի դերը իրականութիւնները լաւագոյնս արտացոլելու առումով: 

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը հակիրճ  բացատրութիւններ փոխանցեց իրանահայ համայնքի եւ ի մասնաւորի Թեհրանի հայկական համայնքի ազգային-կրօնական կառոյցի մասին եւ կարեւորեց լրագրողների միջոցով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների մշակութային ու հասարակական կեանքի արտացոլման անհրաժեշտութիւնը որպէս ազգային միասնականութեան լաւագոյն տարբերակ:

Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան երրոդ կցորդ՝ Արթուր Յակոբեանը, ով պարսկերէնով ընթերցեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղերձը Իրանում լրագրողի օրւայ առիթով:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն եւ իրանահայութեանը ներկայացնող տեսաֆիլմերի ցուցադրութիւն: