Սենատոր Ռաֆայէլ Միչելինն ու Իրանի Ուրուգւայի դեսպանն այցելեցին Ազգային առաջնորդարան

Հանրապետութեան նախագահի երդմնակալութեանը մասնակցելու նպատակով Իրան այցելած Ուրուգւայի Սենատի անդամ  Ռաֆայէլ Միչելինն ու Իրանում այդ երկրի դեսպանը երէկ՝ օգոստոսի 6-ին այցելել են Ազգային առաջնորդարան:

Հանդիպմանը ներկայ են եղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանն ու ազգային-հասարակական գործիչ Թովմաս Թովմասեանը:

Հանդիպման ընթացքում Ռաֆայէլ Միչելինն անդրադարձել է իրանական կողմի հետ վարած իր բանակցութիւններին՝ նշելով, որ դրանց ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւններին եւս:

Ողջունելով հիւրերին, Տ. Մակար եպս Աշկարեանն անդրադարձել է հայ եւ ուրուգւայցի ժողովրդների բարեկամական յարաբերութիւններին: Նա հակիրճ բացատրութիւններ է ներկայացրել իրանահայ համայնքի երեք փեմերի, մասնաւորապէս՝ Թեհրանի հայկական համայնքի պատմական անցեալի մասին, ներկայ վիճակի եւ համայնքի ազգային, կրօնական ու հասարակական կեանքի մասին: Նա յատուկ կարեւորել է Իրանի իշխանութիւնների կողմից իրանահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած յարգալից ու հոգատար վերաբերմունքը՝ ներկայացնելով նաեւ իրանահայութեան մեծ աւանդն ու ներդրումները երկրի բարգաւաճման եւ առաջընթացի գործում:

Ազգային հասարակական գործիչ Թովմաս Թովմասեանն էլ իր խօսքերում նշել է, որ սենատորի հայրը ժամանակին առաջիններից էր, ով Ուրուգւայի սենատում բարձրացրեց Հայոց Ցեղասպանութեան հարցը, որի արդիւնքւոմ էլ Ուրուգւայը դարձաւ առաջին երկիրը, որը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը:

Սենատորն էլ իր հերթին հակիրճ բացատրութիւններ է ներկայացրել ուրուգւահայ համայնքի մասին՝ նշելով, որ համայնքը մեծ դերակատարութիւն ունի երկրի քաղաքական ու սոցեալ տնտեսական կեանքում: Նա տեղեկացրել է, որ ներկայում երկրի զբօսաշրջիկութեան նախարարը հայուհի Լիլիամ Քէչիչեանն է:

Հանդիպման ընթացքում «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանն էլ անդրադարձել է Իրանի պատմա-քաղաքական կեանքում իրանահայ համայնքի դերակատարութեանը՝ Սահմանադրական յեղափոխութեան շարժումից սկսեալ մինչ օրս:

Խօսելով ժողովրդների միջեւ կապերի եւ յարաբերութիւնների մասին, Սուրիկ Աբնուսեանը նշել է, որ դրանք պայմանաւորւած չեն միայն աշխարհագրական մօտ սահմաններով, այլեւ հոգե-մտաւոր եւ մարդասիրական գաղափարների առկայութեամբ:

Նշենք, որ հանդիպամը ներկայ է եղել նաեւ իսպանագէտ Անահիտ Չիթչեանը:

Աղբիւր՝ «Ալիք»-ի կայքէջ