Ասմունքի Մրցութեան Մասնակցող աշակերտները մեկնեցին Շուշի

Շաբաթ յուլիսի 29-ի կէսօրին, Շուշիի Ասմունքի Համահայկական 6-րդ Փառատօնին մասնակցող աշակերտ-ուհիները, իրենց ծնողների, պատասխանատուների և կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին ներկայ եղան Ս. Սարգիս եկեղեցում, որպէսզի Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:

Եկեղեցում Առաջնորդ Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանի, կատարեց յատուկ մի աղօթք, որից յետոյ աշակերտ-ուհիներին իր հայրական խրատը, քաջալերութիւնն ու օրհնանքը տւեց, մաղթելով յաջողութիւն, հաճելի, ուրախ և անփորձանք ճանապարհորդութիւն: 

Աւարտին Առաջնորդ Սրբազան Հայրը նրանց իւրաքանչիւրին նւիրեց մի աղօթագիրք, որպէսզի իրենց հետ ունենալով, զանազան առիթներով բացեն, կարդան և աղօթեն:

Թեհրանի Հ. Թ. Կրթական Խորհուրդը, նոյն խորհրդի մշակութային յանձնախմբի օժանդակութեամբ, ամէն տարի լաւագոյն նիշ ստացած աշակերտներից մի խմբի, որպէս քաջալերանք, ուղարկում է այդ մշակութային փառատօնի մրցոյթներին:

Շուշիում կայանալիք ասմունքի մրցութեանն այս տարի մասնակցում են Թեհրանահայ 15 աշակերտ-ուհիներ, 10 ծնողներ և 3 պատասխանատուներ՝ տիկնայք Սիլւանա Աւասափեան, Աղաւնի Մինասեան և Անուշա Աւանեսեանը:

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան, Շուշիի Անի Փլազա հիւրանոցի և իրանահայ (այժմ բնակւող Ամերիկայի Միացեալ Նահանգներում) բարերար՝ Ալէք Բաղդասարեանի միասնական ջանքերով կազմակերպւում է սոյն փառատօնը:

Մրցութիւնը կայանալու է յուլիսի 30-ից մինչև օգոստոսի 3-ը: Այս տարւայ ասմունքի թեման է՝ «Մենք կանգուն ենք մեր սարերի պէս»: