Մեծարման Երեկոյ նւիրւած Իրանի Բժշկական Ակնառու Դասախօսներին և Դոկտ. Հարմիկ Դաւթեանի Յատուկ Տաղաւարի Յատկացում Իրանի Ազգային Բժշկական Գիտութեան Պատմութեան Թանգարանում

Հինգշաբթի յուլիսի 13-ին Իրանի Ազգային Բժշկա-գիտութեան Պատմութեան Թանգարանում կազմակերպւել էր մեծարման երեկոյ Իրանի յայտնի բժիշկ՝ Ալի Աքբար Սիասիի յիշատակին, որտեղ ներկայ էին Թեհրանի Բժշկական Համալսարանի պետ՝ Դոկտ. Ալի Ջաֆարեանը և սոյն թանգարանի պետ՝ Դոկտ. Ջալիլին, որը ժամանակին Դոկտ. Հարմիկ Դաւթեանի ուսանողներից է եղել:

Միաժամանակ կատարւեց բժշկա-գիտութեան ասպարէզում անւանի դէմքերից յիշատակ մնացած անձնական իրերի ցուցահանդէսի բացումը, որտեղ ցուցադրութեան են դրւած նաև Դոկտ. Հարմիկ Դաւթեանի իրերը, շքանշանները և մեդալները: Պատին փակցւել է նաև Մ. Տ. Կ. կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից դոկտորին տրւած կոնդակը «Կիլիկիոյ Ասպետ»-ի շքանշանն ստանալու ժամանակ:

Դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանը ծնւել էր 1924 թւականին՝ Թեհրանում: Տարրական կրթութիւնը ստացել է հայոց «Հայկազեան»-ում: Միջնակարգը՝ Ամերիկեան կոլէջում:

1948-ին աւարտել է Թեհրանի համալսարանի Բժշկական ֆակուլտետը: 1955-ին ստանում է մասնագէտ հոգեբոյժի տիտղոս՝ նոյն համալսարանից, 1958-ին բարձրագոյն մասնագիտական տիտղոսի է արժանանում Լոնդոնի Հոգեբուժական ինստիտուտից:

Վերադառնալով Իրան՝ նա ամբողջութեամբ նւիրւում է բժշկական-հոգեբուժական ասպարէզին՝ իր գիտելիքները լիաբուռն ընծայաբերելով սիրեցեալ Իրանի ժողովրդին: Աշխատանքի է կոչւում համալսարանի Բժշկական ֆակուլտետի Հոգեբուժական ամբիոնի որպէս դասախօս՝ միեւնոյն ժամանակ ստանձնելով գիտական հաստատութիւններում պատասխանատու պաշտօններ:

Բժշ. համալսարանին առընթեր՝ «Ռուզբեհ» հոգեբուժական հիւանդանոցի հիմնադիրներից էր եւ մի առ ժամանակ դրա կառավարիչը: Իրանի Իսլ. Հանր. Հոգեբուժական միութեան նախագահն է եղել մերթընդմերթ, որի հիմնադիր անդամներից էր ինքը եւս:

1993 թւականին ընտրւել է Իրանի Իսլ. Հանր. Բժշկական գիտութիւնների ակադեմիայի պատւոյ անդամ եւ այսպէս շարունակ արժանացել է բարձր մակարդակի պատիւների՝ մինչեւ միջազգային ու համաշխարհային համբաւ ունեցող հաստատութիւնների մնայուն անդամ ու խորհրդական, որոնք, ըստ ամենայնի, պատիւ են բերում առաջին հերթին Իրանին ու աւելիով արժեւորում Իրանի նորագոյն հոգեբուժութեան Մտային ու հոգեկան առողջապահութեան ենթաբաժնին, որի հիմնադիրն է համարւում նա ու իրեն էր վստահւել դրա կառավարումը:

Այդ բնագաւառում ունի հեղինակած բազմակողմանի ուսումնասիրութեամբ գրքեր: Նաեւ 150-ի շուրջ գիտական-հոգեբուժական վերլուծական յօդւածներ, որոնք լոյս են տեսել բազմաթիւ հանդէսներում, տեղական ու արտասահմանեան մամուլում: 2002 թւականին, իր գիտա-հետազօտական աշխատանքներին որպէս գնահատանք, պարգեւատրւել է նախորդ նախագահ հօջ. Խաթամիի կողմից:

Դոկտ. Դաւթեանի կեանքի ամենակարեւոր բաղադրիչն էր նաեւ ազգային-հասարակական ասպարէզում իր անձնական գործունէութիւնը:

Մեծ է եղել նրա դերը Իրան-Հայաստան փոխըմբռման ու մերձեցման գործում՝ միշտ հաւատք ունենալով երկու հարազատ ժողովուրդների պատմական բարեկամութեանն ու դրանից բխող բարեհաճ յարաբերութիւնների ամրապնդմանը:

Ներհամայնքային կեանքում միշտ եղել է կարեւոր պարտաւորութիւնների առանցքում: Մերթ որպէս դպրոցների Կենտրոնական հոգաբարձութեան անդամ-նախագահ՝ ընդհուպ մինչեւ Թեհրանի Թեմական խորհրդի եւ Պատգ. ժողովի ատենապետութիւն՝ բազմիցս մասնակցելով Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգ. ընդհ. ժողովներին ու ընտրւել Ազգ. կենտ. վարչութեան անդամ՝ մինչ վերջերս:

2000 թւականին պարգեւատրւել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառի կողմից՝ Կիլիկիոյ ասպետի շքանշանով: Ապա նաեւ ՀՀ նախորդ նախագահ՝ Ռ. Քոչարեանի կողմից, Իրան կատարած այցի ժամանակ, արժանանալով «Մխիթար Հերացի» մեդալին:

Մահացել է 2009 թւականի նոյեմբերի 12-ին:

Մեծ էր նրա յարգանքը՝ մարդ էակի նկատմամբ, առանց ազգային-կրօնական ամենադոյզն խտրականութեան. Անկեղծ՝ իր վերաբերմունքի մէջ, ուղղամի՛տ եւ արդարամի՛տ: