Սրբազան Հօր Հարցազրոյցը Հայաստանի «Փաստ» Օրաթերթի հետ

Հայաստանի Հասարակական-Քաղաքական «Փաստ» օրաթերթը, թւականիս Մայիսին հարցազրոյց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի հետ: 

Ստորև ներկայացնում ենք հարցազրոյցը՝

– Բարով էք եկել, սրբազան հայր: Ի՞նչ առիթով էք Հայաստանում:

– Շնորհակալ եմ: Այս անգամ երկու առիթ կար: Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Լեռնային Ղարաբաղի Կիչան գիւղում վերակառուցման մեծ ծրագիր է իրականացնում: Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից վերակառուցւելիք թաղամասը վերամկրտւել է Նոր Կիլիկիա անունով: Շինարարութեան առաջին փուլն աւարտւել էր 2 տարի առաջ: Այս անգամ աւարտին էր հասցւել 32 տան կառուցում: Դրանց պաշտօնական բացումը և օրհնութիւնը կատարելու համար Ղարաբաղ էր ժամանել Կիլիկոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը` ԱՄՆ Արևմտեան թեմի առաջնորդը, մեր կենտրոնական վարչութեան անդամներից պարոն Տիգրան Ջրբաշեանը: Եւ ես էի: Գնացինք, միասին բացումը կատարեցինք: Իսկ երկրորդ առիթը Շուշիի ազատագրման 25–ամեակի միջոցառումներին մասնակցելն էր:

– Իրանը թերևս այն եզակի մահմեդական երկրներից է, որտեղ հայ համայնքը գոնէ կրօնական տեսակէտից խնդիրներ չունի: Պետութիւն–համայնք այդ փոխադարձ յարգանքը ինչի՞ վրայ է կառուցւած:

– Հայ համայնքը տեղացի, բնիկ համայնք է, հազարաւոր տարիներ ապրում է այդ հողի վրայ: Նոյնիսկ Քրիստոսից առաջ 5–րդ դարում այդտեղ հայեր են ապրել: Իսկ վերջին 300–400 տարիների ընթացքում, երբ կրօնական գործօնը Իրանում աւելի ուժեղացաւ, մեր ժողովուրդը պահեց իր կրօնական ինքնուրոյնութիւնը: Եւ պարսիկներն այս երևոյթը մեծապէս գնահատեցին: Իսլամական յեղափոխութիւնից յետոյ առաջին անգամ Սահմանադրութեան մէջ մեր և միւս փոքրամասնութիւնների իրաւունքները գրաւոր կերպով պաշտպանւեցին: Այսինքն, քրիստոնեաները որպէս փոքրամասնութիւն իրաւունք ստացան իրենց կեանքը վարել իրենց եկեղեցական, կրօնական օրէնքների համաձայն: Դա ինքնին մեծ առանձնաշնորհում էր: Բայց նաև մեր ժողովուրդը` որպէս բնիկ տեղացի, շաղախւած է պարսիկ ընկերութեան և ժողովրդի կեանքի մէջ:

– Պետութեան բացակայութեան պայմաններում եկեղեցին միշտ եղել է հայապահպան, միաւորող այն առանցքը, որի շուրջ համայնքը կենտրոնացել է: Այսօր, երբ արդէն կայ Հայաստան պետութիւնը, եկեղեցին շարունակո՞ւմ է իր այդ գործառոյթը, ո՞րն է նրա դերն ու նշանակութիւնը համայնքի համար:

– Բնականաբար, շարունակում է, որովհետև, ի վերջոյ, Հայաստանից դուրս գտնւող գաղութներն ունեն իրենց կեանքի ձևը, իւրահատուկ հանգամանքները, կարգավիճակը: Վերջապէս հայ համայնքը իրանցի է, իրանահայ է: Տվեալ երկրի պայմաններում ապրելով հանդերձ, նաև իրենց կապւածութիւնն են պահում իրենց հայրենիքի հետ: Եւ դա, բնականաբար, առաւելութիւն է այն իմաստով, որ ժողովուրդն իրանցի լինելով` նաև կապւում է իր հայրենիքի հետ: Ես երբեմն ասում եմ, որ Իրանը մեր ծննդավայր–հայրենիքն է, իսկ մեր պատմական հայրենիքը Հայաստանն է:

– Իսկ Իրանում հայկական եկեղեցիներ շա՞տ կան և արդեօ՞ք դրանք գործող են:

– Ընդհանուր առմամբ, Իրանի տարածքում ունեցել ենք աւելի քան 300 եկեղեցի: Բայց շրջանների մի մասը ինչ–ինչ պատճառներով հայաթափւած է: Հետևաբար այդ շրջանների եկեղեցիները տարիների ընթացքում բնութիւնից, առանձնութիւնից կիսաքանդ–աւերակ վիճակում են յայտնւել: Բայց կան նաև որոշ չափով պատմական եկեղեցիներ, վանքեր, որոնց պահպանումն իրականացնում է կառավարութիւնը: Ինչպէս, օրինակ, Սուրբ Թադէի վանքը, Սուրբ Ստեփանոսի տաճարը, Ձորձորի վանքը: Եթե պետութեան օժանդակութիւնը չլինի, մենք չենք կարող պահպանել դրանք, որովհետև իւրաքանչիւրի պահպանումը տարեկան միլիոնաւոր գումարների խնդիր է:

Տարբեր քաղաքներում կան նաև գործող եկեղեցիներ: Օրինակ, Թեհրանում ունենք 7 գործող եկեղեցի և 4 մատուռ: Թեհրանի թեմում, որն ընդգրկում է Կազվին, Ռաշտ, Անզալի, Գորգան, Համադան քաղաքները, նոյնպէս հայկական եկեղեցիներ ունենք: Ժամանակին այդ քաղաքներում մեծաթիւ գաղութ ենք ունեցել: Բայց հիմա դրանք հայաթափւած են: Ամէն շրջանում 15–20 ընտանիք է մնացել: Այնտեղ էլ տարին մէկ անգամ ուխտագնացութիւն ենք կազմակերպում և պատարագ ենք մատուցում: Իսկ Թաւրիզում ունենք չորս եկեղեցի, որտեղ պարբերաբար պատարագ է մատուցւում: Սպահանում ունենք 14 եկեղեցի: Դրանցից ամենայայտնիները Սուրբ Ամենափրկչի վանքն ու Սուրբ Յովսէփ Արեմաթացի եկեղեցին են, որտեղ տօնական օրերին պատարագ է մատուցւում, միևնոյն ժամանակ հանդիսաւոր արարողութիւններ են կատարւում: Իսկ թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ միշտ է պատարագ լինում:

– Իսկ մարդիկ յաճա՞խ են այցելում եկեղեցի: Կապը եկեղեցու հետ ամո՞ւր է:

– Իսլամական ովկիանոսում մեր քրիստոնեական ինքնութիւնը մենք պահպանում ենք: Նաև մեր դպրոցների միջոցով ենք այն պահում: Թեհրանում ունենք 16 դպրոց և 4 մանկապարտէզ: Դրանք, իհարկե, պատկանում են համայնքին, բայց կայ ուսուցման պետական ծրագիր, որին հետևում ենք: Թեպետ ունենք նաև մեր` հայկական ծրագրերը, որոնք նոյնէես զուգահեռաբար իրականացնում ենք: Բացի այդ, պետությունն ինքն է մեզ ուսուցիչներ տրամադրում:

– Այսօր Իրանում մեր համայնքը մե՞ծ է: Քանի՞ հայ է ապրում:

– Իրանում ապրում է մօտաւորապէս 70000–80000 հայ` գլխաւորապէս չորս քաղաքներում` Թեհրանում, որտեղ ապրում է գրեթե 60000 հայ, Սպահանում, որտեղ մօտ 5000 հայ կայ, Թաւրիզում այդ թիւը ավելի քիչ է, իսկ Ուրմիայում` 1200–ի չափ: Իսկ Թեհրանի թեմի միւս քաղաքներում ապրում են 15–20–ական հայ ընտանիքներ:

Թաւրիզի շրջանի հայութիւնը շատ վաղ ժամանակներից է հաստատւել այնտեղ: Իսկ Թեհրանում, Ռաշտում, Կազւինում, Անզալիում, Գորգանում հայերի մի մասը հաստատւել է ցեղասպանութիւնից, միւս մասն էլ` Շահ Աբասի բռնագաղթից յետոյ:

– Այսինքն, վերջին տարիներին հոսք դէպի համայնք չկայ:

– Դժբախտաբար, արտահոսք կայ: Պատճառը կարծում եմ հետևյալն է: «Հայազ» կոչւող հրեական կազմակերպութիւն կայ: Այն մասնագիտացած է յատկապէս հայերի արտագաղթի կազմակերպման հարցերում դէպի Միացեալ Նահանգներ: Դիւրություններ է տալիս այնտեղ տեղափոխւելու համար: Եւ շատերն օգտւում են այդ առիթից ու հեռանում:

– Կարծում էք` միտո՞ւմ կայ այդտեղ:

– Այո, համարում եմ, որ միտումնաւոր է արւում: Որովհետև մեր գաղութի զաւակներից շատ–շատերը, ովքեր հեռացել են, ունէին տուն–տեղ, գործարան կամ համալսարանի դասախօսներ էին: Սա ոչ մի կերպ չի բացատրւում: Բացի միայն` մէկը միւսի յետևից գնալու սովորութիւնից: Մենք սիրում ենք տեղափոխւել մի տեղից միւսը: Իհարկե, մարդկանց շարժն ընդհանուր երևոյթ է ամբողջ աշխարհում: Բայց, դժբախտաբար, մեր ժողովուրդը օտարամոլութեամբ մի փոքր աւելի է տարւում:

– Իսկ համայնքի ամենակարևոր խնդիրները որո՞նք են:

– Մեր առջև դրւած հիմնահարցը մեր նոր սերնդին ազգային և կրօնական դաստիարակութիւն տալն է: Եւ մեր նոր սերնդի գիտակցութեան մէջ մեր ազգային պահանջատիրական պայքարը, մեր հայրենիքի նկատմամբ նախանձախնդրութիւնը, հանձնառութիւնը վառ պահելը: Ի վերջոյ, ցանկացած ժողովրդի գոյութեան յաւերժութեան առանցքը հողն է, հայրենիքն է: Հետևաբար, որքան հնարաւոր է` փորձում ենք նոր սերնդին դաստիարակել այս հասկացողութեամբ: Ինքնութեան պահպանումը նաև լեզւի, հաւատի պահպանումով է լինում: Խաչատուր Աբովեանն էր ասում` եթե չլինեն լեզուն և հաւատը, մարդն ինչի՞ նման կը լինի:

– Որքան գիտեմ, Իրանում բաւականին աշխոյժ է համայնքի մշակութային կեանքը: Նաև թերթեր են լոյս ընծայւում:

– Այո, ունենք «Ալիք» օրաթերթը, ունենք «Պայման» պարբերաթերթը, որ պարսկերէնով է լոյս տեսնում և մեր պարսիկ եղբայրներին ու քույրերին իրանահայութեան խնդիրներին ծանօթացնելու առաքելութիւն ունի: Ունենք նաև համացանցային կայքեր: Հրատակչական աշխատանքներն ենք առաջ տանում:

– Իսկ համայնքն Իրանի քաղաքական, հասարակական կեանքին ի՞նչ մասնակցութիւն ունի:

– Քաղաքական կեանքին մասնակցում ենք մեր պատգամաւորների միջոցով: Իրանի խորհրդարանում երկու պատգամաւոր ունենք: Նաև պետական մարմիններում ունենք հայ պաշտօնեաներ: Որևէ մէկ տեղ հայ պաշտօնեաների ներկայութիւնը օրհնութիւն է: Անշուշտ, չենք ակնկալում, որ հրաշքներ կը գործեն: Բայց այդ միջավայրում լինելը, նրանց մասնակցութիւնը քաղաքական մթնոլորտի ձևաւորմանը, ինքնին ձեռքբերում ենք համարում: