ՄԻՋ-ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի, 19 Յունիս 2017-ի առաւօտեան իրանահայ գաղութի երեք թեմերի թեմակալ առաջնորդների՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. ՉիՖթճեանի եւ Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանի ու Թեմական Խորհուրդների ատենապետներ՝ պրն. Վարուժան Մինասեանի- Նոր Ջուղա, պրն. Ռուբիկ Ջանանեանի - Թաւրիզ եւ պարոնայք՝ Ռոբերթ Բեգլարեանի եւ Վարուժ Յովհաննիսեանի ու Թեհրանի թեմի Կրօնական Խորհրդի ատենապետ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ միջ-թեմական ժողով ազգային առաջնորդարանում։

Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

Ժողովը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Սեպուհ Սրբազանը բարի գալուստ մաղթեց քոյր թեմերի թեմակալ առաջնորդներին եւ Թեմական Խորհուրդների ատենապետներին եւ հրաւիրեց ներկաները միասնաբար խորհելու եւ ծրագրելու յառաջիկային տեղի ունենալիք երիտասարդական համագումարի մասին։

Յետ կարծիքների ու մտքերի փոխանակման որոշւեց համագումարը կազմակերպել ԻսՖահանում 14-16 Օգոստոս 2017 գլխաւոր թեմա ունենալով «Երիտասարդութիւնը իր մարտահրաւէրներով այսօր եւ վաղը»։

Ժողովականները հանգամանօրէն խօսեցին թեմայի շուրջ յատկապէս իրանահայ երիտասարդի ակնկալութիւնները եկեղեցուց եւ ինչու չէ նաեւ հայ երիտասարդի առաքելութեան մասին։ Շեշտւեց նման հանդիպումների կարեւորութիւնը եւ բուռն փափագ յայտնւեց, որ յառաջիկային Թեմական Խորհուրդները իրենց ամբողջական կազմերով համատեղ ժողովներ ունենան թեմակալ առաջնորդների նախագահութեամբ։

Ժողովի աւարտին Սեպուհ Սրբազանը ժողովականներին պատւեց յատուկ ճաշով։