Մանուկների Դաշտահանդէս

Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, ուրբաթ, յունիսի 9-ին, Արարատ մարզաւանում տեղի ունեցաւ մանուկների դաշտահանդէս: 

Դաշտահանդէսին մասնակցում էին  մինչև 12 տարեկան մանուկներ: Մանուկների համար նախատեսւել էր ժամանցային յագեցւած ծրագիր: «Մեր ճամբորդակից Յիսուսը», «Մեր հրաշք այբուբենը», «Փրկութեան ուղին», «Գիտե՞ս արդեօք», «Խճանկար- Puzzle», «Նկարչութիւն», «Ձեռքի աշխատանք», «Տիկնիկախաղ», «Խեցեգործութիւն», «Մարզախաղ», «Ազատ բեմ» և «Պար» թւով 12 կրպակներում՝ այնտեղ աշխատող պատասխանատուների օգնութեամբ իրականացւում էր մանուկների ժամանցային ծրագիրը: Դաշտահանդէսին մասնակցող մանուկները մեծ խանդավառութեամբ այցելում էին խաղերի կրպակներ և կատարում իւրաքանչիւրի պահանջներն ու առաջադրանքները:

Ժամը 13:00-ին մանուկները խանդավառութեամբ դմիաւորեցին Սրբազան Հօրը և լուսանկարւեցին առաջնորդ Սրբազան Հօր հետ: Ապա Սրբազան Հայրն այցելեց բոլոր կրպակներ, որտեղ էլ մեծ աշխուժութեամբ խաղում էին մանուկները: Նախքան դաշտահանդէսի խաղերի կէսժամեայ դադարը, «Զարթօնք» պարախմբի սաները և մասնակից մանուկները շուրջպար բռնեցին, որին էլ յաջորդեց ազատ բեմը: Մօտենալով օրւայ հանդիսավարին, մանուկները ներկայացնում էին ասմունքի և երգի անհատական ու խմբային կատարումներ: 

Չմոռանանք ասել, որ Դաշտահանդէսի անցկացման հարցում յանձնախմբիս աջակցում էին՝ Թ.Հ.Թ. Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչները, Հայոց ազգային մանկապարտէզների աշխատակազմը, Զարթօնք պարախմբի սաները, Ծիածան կենտրոնի աշխատակազմը, Թզուկներ կենտրոնի անձնակազմը, Երեցկին Գայիանէ Ներսեսեանը և տկն. Ժենիա Սուքիասեանը:

Ծրագրին նաև մասնակցում էին Ակունք կենտրոնի անձնակազմն ու սաները, որոնց ներկայութիւնը ու նաև ներկայացրած աշխատանքները, խանդավառութիւն և մեծ հետաքրքրութիւն էին առաջացրել ներկաների մէջ:

Ծրագրի հաղորդավարն էր տկն. Մադլէն Քեշիշեանը:

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն և դաշտահանդէսի հարցով օժանդակող անձինք Սրբազան Հօր ձեռամբ ստացան յուշանւէրներ:

Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբ