Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Երեքշաբթի, յունիսի՝ 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական՝ 4-րդ նիստը որի առաջին բաժինը գումարւել էր մայիսի 22-ին: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգմամբ: 

Ժողովի օրակարգում ներառւած էր 5 կէտեր: Սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ժողովականներին ներկայացրեց խորհրդի երկամեայ գործունէութեան ծրագիրը, համայնքի ազգային, կրօնական, կրթական, կալւածների եւ մի շարք այլ հարցերին: 

Ծրագրիը ներկայացնելուց յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումներ ուղղելու խորհրդին: 

Պատգամաւորները իրենց արտայատութիւններում կարեւորեցին կրթական ոլորտի բարեփոխումները շեշտադրեցին դպրոցների կրթութեան եւ գիտութեան, որակի բարձրացմանը, եւ նշեցին որ անհրաժեշտ է, որպէսի հայապահպան բովանդակութեամբ ծրագրերի մշակումը մշտապէս պատգամաւորների եւ Թեմական խորհրդի ուշադրութեան կենտրոնում լինի: 

Թեմական խորհրդի ատենապետը ժողովականների յատուկ ուշադրութեանն հրաւիրեց համայնքային հարցերի կարգաւորման գործում առաւել արդիւնաւէտ մեխանիզմների կիրառման կարեւորութեան վրայ: 

Լայնածաւալ քննարկումներից յետոյ պատգամաւորները հաստատեցին ներկայացւած ծրագիրը: 

Այնուհետեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Վարդգէս Եդգարեանը ներկայացրեց երկամեայ նիւթական տախտակը, որտեղ ներառւած էր զանազան գլուխների ծախսերը եւ եկամուտները, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց մէկ ցանկով ցանկագրւելու Թեմական խորհրդին հարցեր ու առաջարկութիւններ տալու համար: 

Պատգամաւորների քննարկումներին յաջորդեց քւէարկութիւնը արդիւնքում միաձայնութեամբ նրանք հաստատեցին ներկայացւած երկամեայ նիւթական տախտակը: 

Ժողովի օրակարգի 5-րդ կէտն էր Թեմական խորհրդի նոր մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ցանկերի հաստատումը: Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Բ Ատենադպիր Արմէն Սիմոն Խաչիկեանը ներկայացրեց Եկեղեցական խորհուրդների, Շինարարական մարմնի, Կարիքաւորներին օժանդակող մարմնի, Դատական խորհուրդի, Գերեզմանատների վարչութեան, «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի, Կտակա-կալւածային մարմնի, Ուսանողական ֆոնդի, Յարաբերական մարմինների ցուցակները, որոնք հաստատւեցին պատգամաւորների կողմից: Վերջում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Ատենապետը յայտնեց որ Կրթական խորհրդի ցանկը դեռեւս չի լրացւել եւ շուտով ամբողջական ցանկ կը ներկայացւի:

Նիւթը քաղւած է «Ալիք»ի կայքից