Նախագահական թեկնածու՝ հոջ. Ռէյիսիի շտաբի ցանկութեամբ հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

«ԱԼԻՔ» - Իրանի 12-րդ նախագահական ընտրութիւնների թեկնածուների ընտրապայքարի շրջագծում, հոջ. Ռէյիսիի շտաբի ցանկութեամբ, երէկ՝ մայիսի 9-ի առաւօտեան թեկնածուի շտաբի պատասխանատուները այցելելով ազգային առաջնորդարան, հանդիպում են ունեցել Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը  համապարփակ գծերով ներկայացրեց իրանահայ եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային, կրօնական եւ համայնքային  կառոյցի  եւ վարչական տնօրինման մասին եւ բացատրութիւն տալով, կարեւորեց այն հանգամանքը, որ համայնքի անդամները իրենց բարձր գիտակցութեամբ խորհուրդներում եւ մարմիններում աշխատանքները իրականացնում են սիրողական մակարդակով: Նա անդրադարձաւ միութիւնների յարկերի տակ իրականացւող աշխատանքներին եւ աւելացրեց, որ դահլիճում ներկաները լսելով շտաբի տեսակէտները եւ փոխանցելով այն համայնքին, կապող օղակի դերում են հանդէս գալիս:

Ապա առիթը տրւեց հոջ. Ռէյիսիի շտաբից դոկտ. Զարէին, ով ներկայացրեց թեկնածուի ընտրական ծրագրերը եւ կարեւորելով ընտրութիւններին ժողովրդի մասնակցութիւնը, այն բնութագրեց որպէս ժողովրդի  միջամուխ լինելը երկրի ներքաղաքական կեանքին: Նա անդրադարձաւ երկրում առկայ մի շարք խնդիրներին եւ ընդգծեց, որ թեկնածուի համոզմամբ բոլոր նրանք, ովքեր ունեն իրանական անձնագիր, իրանցիներ են, ունենալով իրենց իրաւունքները: Նա կարեւորելով իրանահայ համայնքի դերակատարութեանը Իրանում եւ մեծ թւով նահատակներին, նշեց, որ իրանահայ համայնքը Իրանում ունի դարաւոր անցեալ եւ պէտք է շարունակի իր համայնքային կեանքը, վայելելով իր իրաւունքները:

Դոկտ. Զարէին հակիրճ տողերով  անդրադարձաւ թեկնածուի տնտեսական, հասարակական, քաղաքական եւ միջազգային բեմում նկատի առած ու մշակած ծրագրերին:

Հանդիպման ընթացքում Թեմական խորհրդի ատենապետը ընդհանուր գծերով ներկայացրեց ներկաների կողմից ստացւած հարցումները եւ մտահոգութիւնները, որոնք ընդհանրապէս առնչւում էին կրօնական փոքրամասնութիւնների կողմից պետական օրգաններում աշխատելու եւ կարեւորագոյնը դատաիրաւական մի շարք հարցերի, կարեւորելով օրէնսդիր, դատական եւ գործադիր իշխանութիւնների համընթաց քայլերը,  կրօնական փոքրամասնութիւնների հարցերի կարգաւորման համար:

Հնչած հարցերին պատասխանեց շտաբի պատասխանատու դոկտ. Զարէին եւ շտաբի միւս պատասխանատու Հարդանին:

Նշենք, որ հանդիպմանը ներկայ էին  քահանայ հայրեր, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: