2017 թւի ապրիլին կայացած աշակերտական միջոցառումներ

Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, սոյն թւականի ապրիլի 4-ից մինչև ապրիլի 12-ը տեղի են ունեցել դպրոցական աշակերտների համար նախատեսւած ծրագրերը: 

Թւականիս ապրիլի 4-ին, 5-ին, 8-ին և 10-ին, Ս. Գրիգոր լուսաւորիչ, Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց և Ս. Սարգիս եկեղեցիներում տեղի են ունեցել միջնակարգի Ա. շրջանի աշակերտների հոգևոր հաւաքները, որի ընթացքում աշակերտները առիթ են ունեցել հոգևորականներից հարցնել իրենց հետաքրքրող հարցերը: Ծրագրի ընթացքում սաղմոսների խմբային ընթերցմամբ հանդէս են եկել իւրաքանչիւր դպրոցի տարբեր օղակների աշակերտները:

Ապրիլի 12-ին, Ս. Սարգիս եկեղեցում միջնակարգ Բ շրջանի աշակերտ-ուհիները հանդիպում-զրոյց են ունեցել հոգևոր հայրերի հետ, որտեղ նոյնպէս աշակերտները առիթ են ունեցել ստանալ իրենց յուզող հարցերի պատասխանները: 

Միջնակարգ Ա և Բ շրջանի աշակերտութեան հետ հանդիպումներին մասնակցել են՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տէր Մակար Եպս. Աշգարեանը, Լիբանանից ժամանած Գերշ. Տէր Մեղրիկ Եպս. Բարիքեանն ու Հոգշ. Տէր Արտաւազդ աբեղայ Շարոյեանը և Տէր Արիստակէս քահանայ Շահմիրեանը:

Տարրական օղակի աշակերտների համար նախորդ տարիների նման նախատեսւած էր նկարչութեան մրցութիւն «Յիսուսի հրաշքները» թեմայով: Մրցութիւնը տեղի ունեցաւ ապրիլի 7-ին, Հայոց ազգային Արաքս դպրոցի դահլիճում: Մրցութեանը մասնակցում էին տարրական դպրոցներում անցկացւած մրցոյթների լաւագոյն մէկ մասնակիցները: Նոյն օրը իրաւարարները ընտրեցին լաւագոյն 6 մասնակիցներին: Մրցութեան ընթացքում աշակերտների ծնողները նոյնպէս հանդիպում-զոյց են ունեցել Տէր Արիստակէս քահանայ Շահմիրեանի հետ:

Նկարչութեան մրցութեան իրաւարար կազմի անդամներն էին՝ Նորա Եղիայեանը, Նադիա Այւազեանը և Շարիս Մելքոմ Աբգարը:

Նկարչութեան մրցութեան մասնակիցներից լաւագոյն են ճանաչւել՝ Նայիրի դպրոցի Ա դասարանի աշակերտ՝ Արամէ Շահնազարեանը, Թունեան դպրոցի Բ դասարանի աշակերտուհի՝ Գրէյսի Վարդանեանը, Թունեան դպրոցի Գ դասարանի աշակերտուհի՝ Էրլին Մելիքեանը, Արաքս դպրոցի Դ դասարանի աշակերտուհի՝ Փաոլին Խուդավերդեանը, Արարատ դպրոցի Ե դասարանի աշակերտուհի՝ Փրենի Աւագեանը և Արաքս դպրոցի Զ դասարանի աշակերտուհի՝ Անի Յովհաննիսեանը: