Մամուլի ասուլիս Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի առիթով

Օսմանեան կայսրութեան միջոցով հայոց ցեղասպանութեան 102-ամեակի կապակցութեամբ կիրակի ապրիլի 23-ին Թեհրանի Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնման առաջնորդ՝ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի և Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանի մասնակցութեամբ կայացաւ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդը մատնանշելով այն կէտը, որ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի տարբեր խաւերի ներկայացուցիչների ոչնչացման յիշատակի օրն է, ասաց. «Հայոց ցեղասպանութիւնն իրականացւեց դեռ չծնւած մանկան սաղմից սկսած մինչև 90 տարեկան պապիկների ու տատիկների պարագային: Ցեղասպանութիւնից ու կոտորածներից յետոյ բռնազաւթւեցին հայկական հողերը և այնուհետև ոչնչացւեցին հայկական պատմական, մշակութային ու կրօնական կոթողները»:

Նա մատնանշելով այն կէտը, որ ցեղասպանութեան հերքումը համազօր է ցեղասպանութեանն, ասաց. «Ցեղասպանութեան աղէտը պատճառ չդարձաւ, որ հայ ժողովուրդը սպառնալիքի ու ճնշման ներքոյ կրօնափոխ լինի»: «Մենք արդարութիւն ենք պահանջում ու մեր իրաւունքների վերականգնումից բացի այլ բան չենք ուզում: Մեր պահանջատէր ժողովրդի պահանջն է հնարաւորութիւն ունենալ վերադառնալու իր պապենական հողերը»,-ընդգծեց Գերշ. Սրբազան Հայրը: 

Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յաւելեց. «Թուրքիան այսօր պաշտպանում է ԻԼԻՊ-ին և այս ահաբեկչական խումբն ամենադաժան ու սարսափելի ոճիրներն է իրագործում տարածաշրջանում: Ես հաւատացած եմ, որ այդ կապակցութեամբ մեղաւոր են մարդկային հասարակութիւնները, որոնք չեն դատապարտում Թուրքիայի ժամանակին իրականացրած ոճրագործութիւնները»:

Նա ասաց. «Այսօր Սիրիայում ու Իրաքում ասորիների ու քաղդէացիների դէմ ԻԼԻՊ-ի միջոցով իրականացւող ոճրագործութիւնները ցեղասպանութիւն են և աշխարհի բոլոր ժողովուրդները ԻԼԻՊ-ի ոճրագործութիւնները պաշտօնապէս ընդունել են որպէս ոճրագործութիւն»:

Սրբազան հայրն ընդգծեց. «Ապրիլ 24-ին կազմակերպւող միջոցառումների հիմնական նպատակն է Թուրքիայի իշխանութիւններին յիշեցնել, որ ձեր նախնիներն իրագործել են ամենամեծ ու ահռելի ոճրագործութիւնը»:

«Մենք ամէն տարի գլուխ ենք խոնարհում ցեղասպանութեան զոհերի յիշատակի առջև և մեր արցունքը աշխարհի բոլոր ժողովուրդների իրաւունքների վերականգնման և անդորրի համար աղօթքի ենք վերածում, քանի որ իր պատմութիւնը յիշող ժողովուրդն է, որ պայքարում է իր իրաւունքների վերականգնման համար»,-եզրակացրեց Սրբազան Հայրը:

Ասուլիսի ընթացքում լրագրողների հարցումներին պատասխանեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Նա ընդգծեց. «Սիրիայի քիմիական ռմբակոծութիւններում նկատելի է Թուրքիայի ոտնահետքը, քանի որ ձեռք բերւած ապացոյցների համաձայն քիմիական ռումբերը Թուրքիայի տարածքից են Սիրիա բերւել և Էրդողանն այսօր իրագործում է Օսմանեան կայսրութեան նոյն քաղաքականութիւնը»: 

Ասուլիսի աւարտին Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը համառոտ կերպով ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 102-ամեակի կապակցութեամբ տարբեր եկեղեցիներում ու միութիւններում կազմակերպւելիք միջոցառումները: