کتاب نسل کشی ارمنیان ،ریشه ها و پیامدها



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ԿԵԱՆՔ ԱՇԽԱՐՀԻ

«Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտռում։ Նա այստեղ չէ, յարութիւն առաւ»։ (Ղկ.24.5)

Աւետարանական պատումները կենդանի հաղորդականութեամբ արձանագրում են Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին պահերը՝ դատավարութիւնը, խաչելութիւնը, մահն ու թաղումը, որ կատարւեց ըստ հրէական աւանդութեան։ Եւ ահա նոյն աւանդութեան համաձայն, թաղման երրորդ օրը՝ առաւօտ կանուխ իւղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան ու Յակոբոսի մայրը՝ Մարիամը ուրիշ կանանց հետ գերեզման են գնում իրենց հետ առնելով իրենց պատրաստած խունկերը, որպէսզի պարտ ու պատշաճ ձեւով խնկեն մարմինը իրենց սիրեցեալ վարդապետին։

Գերեզմանի մուտքին զարմանքով տեսնում են, որ գերեզմանի մուտքին դրւած քարը գլորւած է եւ ներս մտնելիս տեսնում, որ իրենց վարդապետի մարմինը չկայ։ Երբ զարմացած ու ապշած կանայք իրենց շուրջն են նայում, յանկարծ լուսազգեստ երկու մարդ կանգնեցին նրանց մօտ եւ սարսափահար կանանց հանդարտեցրին ասելով.-«Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտռում։ Նա այստեղ չէ, յարութիւն առաւ», յիշեցնելով կանանց Քրիստոսի խօսքը, ըստ որին, նա յանձնւելու էր մեղաւոր մարդկանց ձեռքը, խաչւէր, թաղւէր եւ սակայն երրորդ օրը Յարութիւն պիտի առնէր։

Կանայք շփոթահար անմիջապէս վերադառնում են առաքեալների մօտ, նրանց փոխանցելու հրեշտակների աւետիսը. մինչ այդ Յարուցեալ Տէրը Էմմաւուսի ճանապարհին երեւում է իր երկու աշակերտներին, որոնք իրենց կարգին վերադառնում են Երուսաղէմ՝ վերնատունը հաւաքւած իրենց առաքելակիցներին պատմելու եղածը, եւ ահա նոյն միջոցին, Քրիստոս կանգնում է նրանց մէջտեղը եւ ողջունում նրանց թելադրելով չվախենալ։ Առաքեալները վախեցած ու սարսափած մի պահ կարծեցին, որ մի ոգի են տեսնում, Քրիստոս հանդարտեցնում է նրանց ասելով.- «Ի՞նչ էք իրար խառնւել եւ ինչո՞ւ էք կասկածներ ունենում ձեր մտքում։ Նայեցէք իմ ձեռքերին եւ ոտքերին հէնց ես եմ։ Շոշափեցէք ինձ եւ կը տեսնէք, որ միս ու ոսկոր ունեմ, մի բան, որ ոգին չի ունենում»(Ղկ.24.38-39)։

Առաքեալները մտաբերեցին իրենց վարդապետի այն խօսքերը, որ Նա ասել էր իրենց իր մահւան եւ յարութեան մասին. յիշեցին ու վկայեցին եւ այնուհետ հանդիսացան Յարութեան աւետիսը քարոզողներ ու տարածիչներ։

Իւղաբեր կանայքն ու առաքեալները եղան առաջին վկաները պատմութեան մեծագոյն հրաշքին՝ Փրկչի Յարութեան, որով մարդկութեան առաջ փրկութեան նոր ուղին էր բացւում։ Այո՛, Աստւածորդին իր մահով նւաճեց մահը եւ մարդկութեան շնորհեց նոր կեանք։

Քրիստոս իր հրաշափառ յարութեամբ խաբանեց չարը, մահը եւ մարդկութեան շնորհեց բարին, լուսաւոր կեանքի տեսլականն ու անմահութիւնը ժառանգելու իրական ու վաւերական ճանապարհը։

Մահը, որ մինչ այդ ահ ու սարսափ էր տարածում նւաճւեց մարդկութեան շնորհւած յարութեան կեանքով, չարը բարիով յաղթահարւեց, խաւարը փարատւեց յարութեան լուսաւոր ճառագայթներով. խորտակւեցին մահւան շղթաները ու առաքեալը խնդագին կոչում է մեզ յիշեցնելով Ովսէէ մարգարէի խօսքը «Ո՞րտեղ է, մա՛հ քո յաղթանակը, ո՞րտեղ է քո խայթոցը, դժո՛խք»։(Ով. 13.14)

Քրիստոսի հրաշափառ յարութեամբ մարդկութեան շնորհւեց նոր ու պայծառացեալ մի կեանք, որ իր առաքինութեամբ ու հաւատքի զօրութեամբ մարդ էակը առաջնորդում է բարոյական կատարելութեան։ Այո՛, Քրիստոսի հրաշափառ յարութեան աւետիսը քաջալերանքի, յոյսի, նոր տեսլականի ու հեռանկարի ոգեւորիչ աւիւնով է լցնում սրտերը բոլոր նրանց, ովքեր այն ընդունում են ու նրանով ապրում։

Մեծ Պահոց պատրաստութեամբ մի քիչ աւելի ուժեղացած, հոգեպէս զօրացած եւ Աւագ շաբաթւայ չարչարանքների, ատելութեան, խաչելութեան ու թաղման հոգեցնցող պահերից յետոյ, հասել ենք հրաշափառ Յարութեան լուսափայլ խորհուրդի եւ միշտ յիշում խոր համոզումով անխորտակելի կամքով Քրիստոսի այն խօսքերը, որոնցով քաջալերեց իր դստեր մահւան լուրը ստացած հարիւրապետին՝ «Մի վախենայ, միայն հաւատայ» եւ նոր մահացած Ղազարոսի քրոջ Մարթայի.-«Ես եմ յարութիւնն ու կեանքը։ Ով որ հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՛ապրի»։

Քրիստոսի հրաշափառ Յարութեամբ եւ յետ երկինք համբարձման, Ս. Հոգու ընդունմամբ արիացած ու պայծառակերպւած առաքեալները՝ լուսաւորւած Յարութեան ճառագայթող լոյսով գնացին աշխարհի չորս կողմերը եւ իրենց խօսքով, կեանքով ու արեամբ վկայեցին Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը։ Թէեւ աշխարհը պատւած էր թանձր խաւարով, սակայն յարութեան արշալոյսով, աստիճանաբար բացւող յաւերժաբոյր լոյսով, աշխարհը ողողւեց նոր ու նորոգւող կեանքով ու կեանքի խորհուրդով։

Նոր, յարուցեալ կեանքի խորհուրդը բարիով շահւած կեանքն է, յաւերժի գացող կեանքը։ Քրիստոսապաշտ մարդկութիւնը յարութեան խորհուրդով լուսաւոր ստեղծագործեց հանդիսանալով օրինակ սիրոյ, խոնարհութեան, բարութեան, առաքինի կեանքի, զոհողութեան ու նւիրումի, այլ խօսքով խաչի կեանքի։

Մեր ժողովուրդը ինք եւս իր Տիրոջ յարութեան խորհրդի հաւատքով վահանաւորւած ապրեց ու ստեղծագործեց, այլեւ գիտցաւ մեռնել յաւիտենական արժէքների, հայրենիքի ու բարոյական վեհ սկզբունքների համար, խորապէս հաւատալով, որ իր մահով նա նոր կեանքի ուղի է բաց անում նոր սերունդի առաջ։ Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքին կրեց իր խաչը ՛՛անցնելով մահւան ձորի միջից՛՛ սակայն նա իր կեանքի ամենադժբախտ ու խաւար պահերին էլ իր գլխավերեւ ունեցաւ իր հաւատքի ջահը, որ ե՛ւ լուսաւորում ե՛ւ ապագայի պայծառ կեանքի տեսլականը միշտ վառ է պահում իր մէջ։

Ապրիլ ամիսը մեր ժողովրդի նորագոյն պատմութեան ամենախաւար եւ ինչու չէ ամենալուսաւոր պահերը իր մէջ պարփակող ամիս է։ Մէկ ու կէս միլիոն մեր սրբազան նահատակների զոհագործութեան ամիս է Ապրիլը եւ միաժամանակ նոր կեանքի, յարութեան կեանքի, վերանորոգ կեանքի խորհրդանիշ՝ մեզ համար։ Ազգովին խաչ բարձրացւեցինք եւ ազգովին էլ յարութիւն առինք։ Այսօր էլ հրեշտակին իւղաբեր կանանց տւած աւետիսը մեզ էլ է հասնում ու մեր կեանք պատւանդանում աստւածային ճշմարտութիւնների վրայ։

Այսօր երբ աշխարհը խօլական ընթացքով դէպի անորոշութիւն ու առաւել խաւարի է գնում։ Ահաբեկչական դատապարտելի արարքները, որոնք անմեղ հաւատացեալների կեանքերն են խլում, տիրող խաւարը աւելիով են թանձրացնում։ Մենք կարիքը ունենք Քրիստոսի հրաշափառ յարութեան հաւատքի վրայ պատւանդանելու մեր կեանքը, այն խոր համոզումով, որ Յարութեամբ մեր առաջ բացւող փրկութեան ճանապարհն է միայն, որ մարդ արարածին կը կարողանայ անմահութեան առաջնորդել։

Աշխարհի այսօրւայ իրադարձութիւնների դէմ յանդիման կանգնած մենք ազգովին կոչւած ենք վերանորոգելու մեր ապրելաձեւը, նորոգւելու նոր մտածումներով, քանի որ Քրիստոսի յարութիւնը երաշխիք է հոգեւոր մի նոր փրկութեան, նոր կեանքի, որին հասնելու համար առաքեալներն ու քրիստոնեայ նահատակները մահը արհամարհելով արիասիրտ կեանքով ընդառաջ գնացին մահւան այն խոր հաւատքով, որ իրենց կեանքը իմաստաւորւում է հոգեւոր իրականութիւնների հետամուտ լինելով։

Յարութեան այս հաւատքով դիտում ու տէր ենք կանգնում մեր այսօրւայ հայրենիքի եւ վաղւայ ամբողջական հայրենիքին, որի տեսիլքն ու գաղափարը ոչ ոք չի կարող մեզնից խլել։

Այսօրւայ աշխարհն էլ որեւէ մի ժամանակից աւելի կարիքը ունի սիրոյ եւ խաղաղութեան, որի իրագործումը կը լինի երբ մարդիկ վերատեսեն իրենց կեանքը, երբ առաջնորդւեն աստւածային ճշմարտութիւններով։

Ահա այս խոհերով շնորհաւորում եմ քեզ սիրելի ժողովուրդ հայոց եւ կոչ եմ անում քեզ, որ քո յարուցեալ Փրկչիդ յարութեան կեանքով սպառազինւած ապրես կեանքդ եւ վստահ եղիր, որ մի օր, մի պայծառ ու նւիրական օր կը կարողանաս իրականացած տեսնել քո երազներն ու տեսիլքները իբրեւ նախակարապետը իրական ու յաւիտենական յարութեան։ Աղօթենք միասին աշխարհի խաղաղութեան, Իրանի՝  ծննդավայր մեր հայրենիքի խաղաղութեան եւ ինչու չէ նաեւ իր հոգեւոր ու աշխարհական ղեկավարութեան համար։

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի, Ամէն։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com