ԳԻՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ

Սրտի դառն կսկիծով լսեցինք Ղպտի քոյր Եկեղեցու՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ եկեղեցիներում կատարւած ահաբեկչական արարքների գոյժը, որի զոհ գացին, աւելի քան քառասուն վեց անմեղ հաւատացեալներ եւ աւելի քան հարիւր վիրաւորեալներ։

Մենք, խիստ կերպով դատապարտում ենք այս անմարդկային ոճիրը։ Զօրակցում եւ վշտակցում ենք Ղպտի քոյր եկեղեցուն եւ աղօթում նահատակների հոգիների խաղաղութեան համար։ Ցաւակցում ենք նահատակների ընտանեկան պարագաներին եւ վիրաւորներին էլ ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում։

Այս օրերին, մեր շուրջ կատարւող ահաբեկչական արարքներն ու մեծապետական պետութիւնների անարդարանալի յարձակումները՝ ինքնանկախ երկիրների վրայ, ողջ աշխարհը կանգնեցնում են մեծ մարտահրաւէրների եւ անորոշութեան առաջ։ Ամերիկայի, Սիոնիստական պետութեան եւ Արաբական մի կարգ երկրների բռնատիրական այլամերժ քաղաքականութիւնը, ժողովուրդների փոխադարձ բարեկամական յարաբերութիւնները հարցականի տակ են դնում։ Միւս կողմից, Իրանի եւ իր բարեկամ երկրների խաղաղարար քաղաքականութիւնը, մեծ ներդրում է բերում խաղաղութեան ամրագրման գործում. սրա որպէս գեղեցկագոյն վկայութիւն, Իրանի պետութեան դատապարտութիւնն էր Ղպտի եկեղեցում տեղի ունեցած ոճրային արարքին։

Այս տխուր առիթով աղօթում ենք աշխարհի եւ ժողովրդների միջեւ բարեկամութեան հաստատման համար։ Աւագ Շաբթւան եւ Սուրբ Յարութեան յուսալից տօների առիթով, Աստծուց հայցում ենք խաղաղութիւն յատկապէս՝ Իրանի եւ տարածաշրջանի երկիրների  համար։ 

Սեպուհ Արք. Սարգիսեան 

Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի