Արևագալի Արարողութիւն Ս. Աստւածածին Եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտ 4-ի առաւօտեան, Մեծ Պահքի 6-րդ շաբաթւան, Ս. Աստւածածին Եկեղեցում կատարւեց Արևագալի ժամերգութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, քահանայ հայրերն ու հաւատացեալ ժողովրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Փրկիչը, ապաւէնը և յոյսը, երեք գեղեցիկ բառերն են, որով Դաւիթ Մարգարէն դիմում է Աստծուն. սրանցից ամէն մի բառը մի աշխարհ է, որը մեր սիրտն ու հոգին կապում է մեր երկնաւոր հօրը: Քրիստոնէական կրօնի մեծագոյն առաքինութիւններից մէկն այն է, որ նա մեզ ներշնչում է, ամրացնում և զօրացնում է, այն գիտակցութեամբ, որ մենք ունենք մի փրկիչ ու ապաւէն և այդ փրկչին ու ապաւէնին մենք ապաւինած,  մեր կեանքն ապրում ենք յոյսով»:

Սրբազան հայրն իր խօսքերի միւս բաժնում աւելացրեց՝ «Եկեղեցական արարողութիւնները ամենապարզ աղօթքները, շարականները և հոգևոր երգերը, մեզ մղում են որպէսզի մեր մէջ ցանւած սերմը զօրացնենք և ամրացնենք»:

Վերջում Սրբազան Հայրը շեշտելով, որ արդէն մօտենում ենք Աւագ շաբաթւան ասաց՝ «Արդէն մօտենում ենք Քրիստոսի եկեղեցու կեանքում ամենանւիրական օրերին, ամենասուրբ շաբաթւան, որի արարողութիւնները, շարականներն ու աղօթքները բոլորն էլ մեզ մէկ բան են յիշեցնում, որ մենք որպէս Աստծու ստեղծածներ, մեր մեղանչական կեանքով հեռացել ենք Աստծուց և հիմա եկել է պահը, որպէսզի ինքնամփոփ և անկեղծ զղջումով մենք  կատարենք դէպի Աստւած, դէպի Քրիստոս, արժանանալու համար նաև իր հրաշափառ յարութեան»:

Արևագալ ժամերգութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհուրդը, համեստ պասի հիւրասիրութիւն էր պատրաստել Սրբազան Հօր և քահանաների համար: