Յիշատակ Ս. Գրիգոր Լուսաւորչի Չարչարանաց և Մուտն ի Վիրապն

Թւականիս շաբաթ Ապրիլի 1-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից և երկրորդ լուսաւորիչ՝ Ս. Գրիգոր Պարթև Հայրապետի չարչարանքների և խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր:

Նոյն օրը ողջ հայութիւնը Հայաստանում և սփիւռքում մեծ շուքով և ուրախութեամբ տօնեց սոյն տօնը, որը նաև Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի ուխտի օրն էր. որտեղ հազարաւոր հայորդիներ և հաւատացեալներ ներկայ գտնւեցին պատարագին և մասնակցեցին հանդիսաւոր թափօրին: Նրանք թափօրի ընթացքին Վեհափառ Հայրապետի, սրբազան և միաբան հայրերի ձեռքերում բռնւած բազում սրբերի մասունքներով օրհնւեցին և ստացան իրենց սրտի խնդրանքներն ու կարիքները: Սրբերի մասունքներից գլխաւորներն էին՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջը, Ս. Նիկողայոս և Ս. Սեղպեստրոս հայրապետների մասունքները, ինչպէս նաև Ս. Յովհաննէս Մկրտչի, Ս. Յակոբի, Ս. Յովհաննէս Ոսկեբերանի և բազում այլ սուրբերի մասունքներ:  

Այս ուրախ և օրհնալի առիթով, ինչպէս նաև Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, նոյն եկեղեցում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագ ձեռամբ՝ Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի:

Եկեղեցական արարողութեան ներկայ էին քահանայ հայրերը, թաղամասի պատգամաւորները, զանազան միութիւնների և մարմինների ներկայացուցիչները ինչպէս նաև եկեղեցիների եկեղեցական խորհուրներն ու հաւատացեալ ժողովուրդը:

Սրբազան Հայրն օրւայ աւետարանական հատւածից մեկնելով՝ իր քարոզում անդրադարձաւ գլխաւոր 3 պայմանների մասին, որոնք անհրաժեշտաբար լրացւելու են իւրաքանչիւր հաւատացեալի և Քրիստոսի ճշմարիտ աշակերտողի կողմից. դրանք են՝ ուրանալ անձը, վերցնել իր խաչը և հետևել Քրիստոսին: Պատարագիչ Սրբազան Հայրը Յիսուս Քրիստոսի, առաքեալների և յատկապէս Պօղոս Առաքեալի կեանքի և գործունէութեան միջից վեր բերեց իսկական քրիստոնեայի կերպարը և այն զուգորդեց հայ եկեղեցու և ազգի մեծագոյն սրբի՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի անձին, կեանքին, զոհողութեան, ինքնուրացութեան և գործունէութեանը, ով իբրև ճշմարիտ Քրիստոսի աշակերտողի և հետևողի ուրացաւ իր անձը, վերցրեց իր խաչը ամենայն համբերութեամբ և հետևեց Քրիստոսին: Եւ նրա կամաւոր յանձնառութեան իբրև արդիւնք փոխակերպւեց, լուսազարդւեց և կենսաւորւեց Հայաստան Աշխարհն ու հայու կեանքը՝ նրա անշահախնդիր և անսակարգ ծառայութեամբ ի փառս Աստծու, ի բարօրութիւն հայ ժողովրդի և ի հզօրացումն Հայաստան Աշխարհի:

Յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերար՝ հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի, ինչպէս նաև հանգուցեալ բարերարներ՝ Ալբերթ Քոչարեանի և Թադէոս Եարիջանեանի ու համայն Քոչարեան և Եարիջանեան ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Յետ արարողութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու եկեղեցական խորհուրդը,  տօնի ուրախ առիթով պաշտօնական ճաշկերոյթով պատւեց Սրբազան Հօրն ու քահանայ հայրերին և ներկայ հիւրերին: