Արևագալի Արարողութիւն Ս. Մինաս Եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտի 28-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, , նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Մեծ Պահքի գրեթէ վերջին հանգրւանին ենք: Այս շաբաթւայ խորհուրդը, մեր հայրերի տնօրինումով, մեր գիտակցութեան մէջ վերակենդանացում է Քրիստոսի գալստեան խորհուրդը և գաղափարը: Յարատև աղօթքով մենք դիմում ենք Աստծուն հայցելով իր օրհնութիւնները և ողորմածութիւնը, միևնոյն ժամանակ արտայայտելով մեր խորունկ, անստւեր հաւատքը Քրիստոսի երկրորդ գալստեան նկատմամբ, որը քրիստոնէական վարդապետութեան ամենահիմնական կէտերից մէկն է և մեր հաւատամքին նաև մաս կազմող ճշմարտութեան հիմքը»:

Դրանից մեկնելով, Սրբազան Հայրը խօսեց Քրիստոսի զոյգ աշխարհ գալուստների մասին, մին որպէս մարդացեղ փրկիչ՝ փրկելու համար մարդկութիւնը և իր թագաւորութինը հաստատելու նրանց սրտում, և երկրոդ գալուստը՝ որը ժամանակների վախճանին է լինելու: Նա գալու է որպէս դատաւոր, դատելու համար մարդկութիւնը և արդար դատաստան կատարելու: Յաւիտենական դատապարտութիւն ու տանջանք՝ անզիղջ, անապաշխարհ մեղաւորներին ու ամբարիշտներին իսկ յաւիտենական և ուրախ կեանք՝ երկնքի յաւիտենական ու անվախճան թագաւորութեան մէջ բոլոր ապաշխարողներին, հաւատացողներին ու արդարներին: Սա է այն յոյսը, որին կառչած մնալով պէտք է ապրի իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալ:

Սրբազան Հայրն իր քարոզի վերջում ասաց՝ «Երբ մենք 40-օրեայ Պահոց շրջանն ենք ապրում, Բուն Բարեկենդանից սկսեալ մինչև Ճրագալոյց, մեր մտածումները կենտրոնացնում ենք աղօթքի, ապաշխարութեան, խոստովանութեան և Աստծու ողորմածութեան վրայ, այն խոր համոզումով և հաւատքով, որ մենք նրան պիտի արժանանք, արժանի լինելով Քրիստոսի հրաշափառ յարութեան»:

Արևագալ ժամերգութեան աւարտին, Ս. Մինաս եկեղեցու եկեղեցական խորհուրդը, համեստ պասի հիւրասիրութիւն էր պատրաստել Սրբազան Հայրերի և քահանաների համար: